211652_close_icon
views-count2267 դիտում article-date 09:25 18-08-2021

Բայդենը վստահ է, որ զորքերի դուրս բերումը ճիշտ որոշում է․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ նախագահ Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլեւվս պարտավորված չէ Աֆղանստանի քաղաքացիական պատերազին մասնակցել՝ չնայած Քաբուլում տիրող վիճակը մտահոգիչ է: Բայդենը նախազգուշացրել է, որ ամերիկյան կողմն արագ կարձագանքի թալիբների կողմից մնացած ամերիկյան անձնակազմի կամ դաշնակիցների վրա հարձակման դեպքում։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Միացյալ Նահանգների ամենաերկար պատերազմն ավարտվեց քաոսով, երբ Թալիբանը գրավեց Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը: Դա հանգեցրեց ԱՄՆ դեսպանատան անձնակազմի տարհանմանը, շատ աֆղանցիներ ևս հուսահատ ջանքեր են գործադրում՝ երկրից հեռանալու ուղղությամբ:

Չնայած այդ տեսարանների՝ Միացյալ Նահանգների նախագահնը նշեց, որ վստահ է, որ իր որոշումն ամերիկյան զորքերի դուրս բերման մասին ճիշտ էր:

«Ճշմարտությունն այն է, որ կառավարության անկումը տեղի ունեցավ ավելի արագ, քան մենք ենթադրում էինք: Այսպիսով, ինչ է պատահել: Աֆղանստանի քաղաքական առաջնորդները հանձնվեցին և լքեցին երկիրը: Աֆղանստանի բանակը փլուզվեց` չփորձելով դիմադրել: Վերջին շաբաթվա զարգացումներն ամրապնդեցին համոզմունքը, որ Աֆղանստանում ԱՄՆ ռազմական ներգրավվածության դադարեցումը ճիշտ որոշում էր: Ամերիկյան զորքերը չեն կարող և չպետք է պատերազմեն մի պատերազմում կամ զոհվեն մի պատերազմում, որտեղ աֆղանական ուժերը պատրաստ չեն պայքարել հանուն իրենց երկրի»,- ասում է ԱՄՆ նախագահը:

Հանրապետականներն ու որոշ դեմոկրատ օրենսդիրներ արագորեն դատապարտեցին Բայդենին, որ վերջինիս վարչակազմը չկարողացավ կանխատեսել Աֆղանստանի կառավարության փլուզման նման արագ ընթացքը և դրա հետևանքով այն վնասը, որը հասցվեց ԱՄՆ -ի միջազգային վարկանիշին:

«Սա մշտապես իր հետքը կթողնի Բայդենի նախագահության վրա: Դա չի նշանակում, որ նրա նախագայությունն այսպիսով կլինի ձախողված: Դա նաև չի նշանակում, որ ի վերջո, մարդկանց մեծ մասը չի ընդունի այն փաստը, որ դուրս բերումն անխուսափելի էր և ճիշտ»,- ասում է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Աարոն Դեյվիդ Միլլերը:

Մինչ թալիբները ստանձնում են Աֆղանստանի կառավարումը, վերլուծաբանները նշում են, որ ԱՄՆ -ը դեռևս ունի տնտեսական լծակներ մի երկրում, որը կախված է միջազգային օգնությունից, ինչպես նաև ավանդական հակաահաբեկչական գործողություններից: Ըստ վերլուծաբանների՝Վաշինգտոնը հույս ունի, որ թալիբները կգիտակցեն Դաեշ-ի կամ Ալ Քայիդայի հետ մերձանալու կամ բռնաճնշումներ իրականացնելու դեպքում հնարավոր հետևանքներն ու վճարվելիք գինը:

Սակայն պետքարտուղարությունը երկուշաբթի հաստատեց, որ ԱՄՆ -ն այլևս չունի ներկայություն Քաբուլում, իսկ Պենտագոնը հայտարարեց, որ 2,500 ամերիկացի զինվորականներ աջակցում են օդանավակայանում անձնակազմի տարհանման ջանքերին, ներառյալ հազարավոր աֆղանների, որոնք համագործակցել են ամերիկացիների հետ, իսկ այժմ սպասում են Աֆղանստանից հեռանալու համար ամերիկյան վիզաներին: Նրանք վախենում են թալիբների հաշվեհարդարից:

«ԱՄՆ -ի զինված ուժերը կենտրոնացած են այս առաքելության վրա, որը միտված է նպաստել ԱՄՆ քաղաքացիներին, հատուկ ներգաղթային վիզաներ ունեցողներին և վտանգի տակ գտնվող աֆղանստանցիների անվտանգ տարհանմանը»,- հայտարարել է գեներալ -մայոր Հենկ Թեյլորը:

Պատերազմի ելքը մնում է անորոշ. ԱՄՆ -ն այստեղ ծախսել է տրիլիոնավոր դոլարներ: Նախագահ Բայդենը հայտարարում է, որ չի պատրաստվում կրկնել նախկինում թույլ տված սխալները, երբ հակամարտությունը չի բխում Միացյալ Նահանգների ազգային շահերից: Ամերիկյան զինուժը չպետք է մասնակցի երկրի քաղաքացիական պատերազմին կամ իր ռազմական ներկայությամբ փորձի վերակազմավորել երկիրը:

2001 թվականից ի վեր ԱՄՆ չորս նախագահներ՝ երկու դեմոկրատ և երկու հանրապետական, պայքարել են Աֆղանստանում թալիբների ազդեցությունը վերջ տալու ուղղությամբ: Բայդենը հայտարարել է, որ չի պատրաստվում փոխանցել Միացյալ Նահանգների մասնակցությամբ ամենաերկար հակամարտությունը հինգերորդ գերագույն հրամանատարին:

Նմանատիպ նյութեր