211652_close_icon
views-count25093 դիտում article-date 21:05 17-08-2021

Ցմահ դատապարտյալն իր գրանցած հերթական ռեկորդը նվիրել է 44-օրյա պատերազմի հերոսին

2021 թվականի օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի, ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիա» հասարակական կազմակերպության, ինչպես նաև ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախաձեռնությամբ հիմնարկում կազմակերպվել և իրականացվել է հերթական ռեկորդի գրանցումը։

Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից՝ ցմահ դատապարտյալ, 36-ամյա Թաթուլ Միրզոյանը 16 կգ կշռաքարը երկու ձեռքով մեկընդմեջ ուսագոտուց հրել է վեր 1450 անգամ 1 ժամ 03 րոպեում՝ 743 հրումով գերազանցելով դեռևս անցած տարի սեպտեմբերին գրանցած սեփական ռեկորդը։

««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիա» ՀԿ-ի նախագահ, ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ Վարդան Թովմասյանի և ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանի կողմից երկարատև համագործակցության, միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպման, դատապարտյալների շրջանում առողջ ապրելակերպը խթանելու, մարզական բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև՝ Թ․ Միրզոյանին աջակցելու, քաջալերելու և քրեակատարողական հիմնարկում բարոյահոգեբանական վիճակը բարձր պահելու համար «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ, գնդապետ Գերասիմ Գևորգյանը պարգևատրվել է շնորհակալագրերով և մեդալով։

Վ․ Թովմասյանը Թ․ Միրզոյանին հանձնել է նաև «Դյուցազնագիրք», իսկ Գ․ Սարոյանը՝ ասոցացիայի անդամատոմս։ Ռեկորդակրի անունը գրանցվելու է հերթական «Դյուցազնագրքում»։

Թաթուլ Միրզոյանն իր հաղթանակը նվիրել է 44-օրյա պատերազմում զոհված Սևակ Սաղաթելյանի հիշատակին։

Նմանատիպ նյութեր