211652_close_icon
views-count5794 դիտում article-date 13:22 17-08-2021

Դպրոցների տնօրեններն ու փոխտնօրենները լուրջ անելիք ունեն հանրակրթական նոր չափորոշիչը կյանքի կոչելու գործում

Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում հանրակրթության նոր չափորոշչի փորձարկմանն ընդառաջ` Դիլիջանի «Այբ» կենտրոնական դպրոցում անցկացվել է մարզի 82 դպրոցների տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստման եռօրյա դասընթաց: Տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։ 

Վերապատրաստման մասնակիցներին տեսակապի միջոցով ողջունելով՝ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է.

 «Նոր չափորոշիչների արդյունավետ ներդրման գործընթացում չափազանց կարևոր է դպրոցի ղեկավար կազմի դերը:  Տնօրեններն ու փոխտնօրենները լուրջ անելիք ունեն  նոր չափորոշիչով նախատեսվող փոփոխությունները կյանքի կոչելու, այդ թվում՝ նոր ուսումնական պլանները, գնահատման կարգը,  տարիֆիկացիոն պլանները և մնացած բովանդակային բարեփոխումները հաջողությամբ կիրառելու գործում»:

Նա համագործակցության համար շնորհակալություն է հայտնել գործընկերներին, մասնավորապես,  ԲՏՃՄ (բնագիտամաթեմատիկական և գիտատեխնիկական) առարկաների վերապատրաստումն իրականացնող «Այբ» կրթական հիմնադրամին, որն ամռան ամիսներին ակտիվ աշխատել է՝ ապահովելով վերապատրաստումների դինամիկ և անխափան ընթացքը։ Փոխնախարարը նշել է, որ առջևում շարունակական աշխատանք է սպասվում, ուստի կարևոր է առավելագույնս ներգրավված լինել և հետադարձ կապի միջոցով նպաստել գործընթացի արդյունավետության բարձրացմանը։

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը հանդիպման ընթացքում ասել է, որ վերապատրաստման այս ծրագիրը առանձնահատուկ է, քանի որ դպրոցների տնօրենները և փոխտնօրեններն առաջին անգամ են վերապատրաստվում ուսուցիչների հետ միասին։ Արդյունքում, նրանք դառնալու են հանրակրթության նոր չափորոշչի  գործընթացի առաջնորդները, որը սկսվել է Տավուշում և հետագայում տարածվելու է ամբողջ հանրապետությունով։

Դպրոցների ղեկավար կազմերի վերապատրաստման ծրագիրը հիմնված է արդյունավետ առաջնորդության միջազգային փորձի վրա և նպատակ ունի աջակցելու դպրոցների տնօրեններին և փոխտնօրեններին՝ իրենց դպրոցներում արդյունավետ կերպով առաջնորդելու բարեփոխումների գործընթացը և հանրակրթության պետական նոր չափորոշիչների ներդրումը։

Զարգացման ծրագրի շրջանակներում մասնակիցները տեսական և գործնական աշխատանքների միջոցով ուսումնասիրել են իրենց ամենօրյա աշխատանքում կարևոր նշանակություն ունեցող այնպիսի թեմաներ, որոնք են դպրոցի բարելավմանը և արդյունքների գնահատմանն ուղղված տեսլականի և ռազմավարության մշակումը, դասավանդման և ուսումնառության առաջնորդումը, համակարգային փոփոխությունների առաջնորդումը, ծնողների և համայնքի հետ համագործակցության ծավալում, թիմերի առաջնորդումը, արդյունավետ հաղորդակցությունը, ինքնազարգացումը և ուրիշների զարգացմանը նպաստող գործունեության ծավալումը:

Վերապատրաստման ծրագիրն իրականացվելու է 3 փուլով, որոնցից յուրաքանչյուրը կազմված է եռօրյա դեմ առ դեմ հանդիպումներից։ Գործընթացը կուղղորդվի մենթորության խմբային հանդիպումներով ու քննարկումներով և կտևի մինչև 2022 թ․ մայիս ամիսը։

Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման վերապատրաստումներն իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերային ծրագրի՝ «Եվրամիությունը հանուն նորարարության» նախաձեռնության շրջանակում:

Նմանատիպ նյութեր