211652_close_icon
views-count1280 դիտում article-date 15:22 14-08-2021

Մեխիկոյում բանակցություններ են ընթանում Վենեսուելայի իշխանությունների և ընդդիմության միջև

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում այսօր մեկնարկել են Վենեսուելայի իշխանությունների և ընդդիմության բանակցությունները, որոնց ընթացքում կողմերը պետք է փորձեն ելքեր գտնել երկրում ծագած քաղաքական և տնտեսական ճգնաժամերից։ Գրում է «Ազատությունը»։

Բանակցությունների ընթացքում որպես միջնորդ են հանդես գալիս ավելի քան մեկ տասնյակ օտար պետություններ, այդ թվում՝ Նիդեռլանդները, Ռուսաստանը, Նորվեգիան և Թուրքիան։ Բանակցությունների մեկնարկից առաջ Նիկոլաս Մադուրոյի կառավարության ներկայացուցիչներն ու ընդդիմադիրները ճանապարհային քարտեզ են ստորագրել, որի հիման վրա պետք էլ ընթանան կողմերի շփումները։

«Մեր օրակարգը հստակ է՝ բանակցություններում առաջընթաց ապահովել հասնելով նրան, որ մենք ամենասեղմ ժամկետներում Վենեսուելայի ժողովրդի սոցիալական և տնտեսական շահերից բխող համաձայնությունների հանգենք», - բանակցությունների մեկնարկին հայտարարել է Մեխիկո ժամանած կառավարական պատվիրակության ղեկավար Խորխե Ռոդրիգեսը։

Մադուրոյի կառավարության ներքին քաղաքականության և Վենեսուելայի դեմ Միացյալ Նահանգների և հարևան մի շարք պետությունների կողմից սահմանված պատժամիջոցների հետևանքով իրադրությունը երկրում շարունակում է վատթարանալ։

Ամերիկյան պետությունների կազմակերպության գնահատմամբ՝ տնտեսական ճգնաժամի, քաղաքական անկայունության և հանցավորության ծավալների աճի հետևանքով վերջին տարիներին Վենեսուելան լքել է ավելի քան 7 միլիոն մարդ։

Նմանատիպ նյութեր