211652_close_icon
views-count1614 դիտում article-date 14:11 09-08-2021

Միջուկային զենքի կիրառման վտանգն այժմ նույնքան բարձր է, որքան Սառը պատերազմում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Ճապոնիայի Նագասակի քաղաքի ամերիկյան ատոմային ռմբակոծության 76-րդ տարելիցին ողջունել է սպառազինությունների վերահսկողության շուրջը երկխոսության՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի ձգտումը, տեղեկացնում է tass.ru-ն:

«Ես ողջունում եմ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության համոզվածությունն այն բանում, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել և այն չի կարելի թույլ տալ,- նշել է գլխավոր քարտուղարը:- Ես նաև ողջունում եմ սպառազինությունների վերահսկողության շուրջը երկխոսության՝ նրանց ձգտումը»:

Գուտերիշը պաշտպանել է «Միջուկային զենքի արգելման պայմանագրի բոլոր մասնակիցներին»՝ հույս հայտնելով, որ երկխոսության միջոցով կհաջողվի «խստացնել նորմաները միջուկային սպառազինությունների նկատմամբ»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ նույնիսկ Նագասակիի ռմբակոծությունից 76 տարի անց աշխարհը շարունակում է գոյություն ունենալ «միջուկային սնկի ստվերում»:

«Միջուկային զենքի կիրառման վտանգն այժմ նույնքան բարձր է, որքան սառը պատերազմի առավելակետին»,- կարծում է նա:

Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ընդունվել է 2017 թվականի հուլիսի 7-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի անդամ 122 պետությունների օգնությամբ բանակցությունների արդյունքներով, որոնց չեն մասնակցել միջուկային տերությունները, ներառյալ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:

Փաստաթղթի տեքստին համապատասխան՝ դրա մասնակիցները պարտավորվում են «երբեք և ոչ մի կարգի հանգամանքներում» չմշակել, չփորձարկել, չարտադրել և չկուտակել միջուկային զենք, ինչպես նաև չկիրառել այն և չսպառնալ դրա կիրառմամբ: Համաձայնագրին միացած երկրներին նաև կարգելվի իրենց տարածքում տեղակայել այլ պետությունների միջուկային զենք:

Նմանատիպ նյութեր