211652_close_icon
views-count6764 դիտում article-date 19:19 08-08-2021

Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է. Aravot.am

ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաղորդումների շարք է սկսել արցախյան պատերազմի մասին և երեկ հրապարակել է այդ շարքի առաջին մասը: Պարոն Հովհաննիսյանը հաղորդման ընթացքում ընդգծում է, որ որոշել է հանդես գալ նման նախագծով, քանզի պատերազմից հետո իր և իր ընտանիքի նկատմամբ սկսվել է մեդիատեռոր, ասել է թե՝ մեդիաահաբեկչություն:

Մեդիաահաբեկչություն տերմինը մասնագիտական գրականության մեջ կիրառվող հասկացություն է, որը ենթադրում է մշակված և նպատակաուղղված տեղեկատվական-քարոզչական քաղաքականություն՝ իր բոլոր նեգատիվ դրսևորումներով, ինչի արդյունքում լսարանը պետք է հանգի խուճապային տրամադրությունների: Նման գործելաոճ, սովորաբար, որդեգրում են ահաբեկչական խմբավորումները (օրինակ՝ ИГИЛ-ը մեդիաահաբեկչության վառ քաղաքականություն իրականացրած խմբավորումներից մեկն է), կամ պատերազմի մեջ գտնվող պետությունները: Այնպես որ, հիասթափության և ցասումի այն ալիքը, որը բարձրացավ հայկական լսարանի մոտ Արծրուն Հովհաննիսյանի նկատմամբ և, որը սասանեց վերջինիս խոսքի նկատմամբ եղած անսահման վստահությունը, ըստ իս, ոչ մի կերպ մեդիաահաբեկչություն չի կարելի համարել: Ինչևէ:

Պարոն Հովհաննիսյանը, փորձելով բացատրել 44-օրյա պատերազմի ընթացքում իր կատարած աշխատանքի էությունը և նպատակը, վկայակոչում է Առաջին համաշխարհային պատերազմը, Վրաստանի 2008 թվականի պատերազմը և հավաստիացնում, որ ոչ մի պատերազմող կողմ չի վհատեցնում իր հանրությանը՝ ուղիղ ասելով, թե պարտվում ենք: Բացի այդ, պարոն Հովհաննիսյանը պնդում է, որ ինքը՝ լինելով առաջնագծում և տեսնելով մեր զինվորների սխրանքը, անձամբ հավատացել է մինչ վերջին պահը, որ մենք տանելու ենք հաղթանակ: Նա նաև անդրադառնում է զոհերի քանակի և Գանձակի օդանավակայանի մասին տեղեկատվական հոսքերին, բացատրելով, որ զոհերի քանակի մասին ինքը տեղեկացվել է ՊՆ-ից տեղեկագրերից, իսկ Գանձակի օդանավակայանի օպերացիան գաղտնի օպերացիա էր և հիշյալ տեղեկատվական բաղադրիչն էլ այդ օպերացիայի մաս էր:

Եթե ես ճիշտ եմ հասկանում, մենք ցանկանում էինք հակառակորդի լսարանին մատնել խուճապի՝ տարածելով, թե «Գյանջայի օդանավակայանը հօդս ցնդեց»: Շատ լավ: Բայց, կարծում եմ, այդ օպերացիան մշակողները մի պահ մտքաթող են արել, որ Ադրբեջանն էլ է 21-րդ դարում ապրում, որ այդ երկրում էլ կան ինտերնետ, արբանյակներ և վերջապես լրագրողներ, որոնք նկարում և տարածում էին բոլորովին անվնաս Գանձակի օդանավակայանը: Ինչևէ:

Այո, պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է: Այո, հայտնի արտահայտություն է, թե պատերազմական լրատվությունը խաբելու արվեստ է, սակայն, պետք է հաշվի առնել, որ այն ոչ թե սեփական հանրությանը, այլ հակառակորդին խաբելու արվեստ է, քանի որ սեփական հանրությանը խաբելու, կամ մեղմ ասած անհարկի ոգևորելու դեպքում դու ունենում ես թիկունք, որը էյֆորիկ թմբիրի մեջ սուրճ է խմում մայրաքաղաքի սրճարաններում և պատրաստ չի մոբիլիզացվելու:

Հոկտեմբերի 19-ին՝ պատերազմի ամենաճակատագրական ու թեժ ժամանակահատվածում, հայ հանրությանն ուղղված ինքնապաշտպանական ջոկատներ կազմելու կոչով հանդես եկան ՀՀ սահմանամերձ Քաջարանի և Մեղրիի համայնքապետերը: Բայց քանի որ մինչ այդ լսարանը ոչ մի տողով տեղեկացված չէր ճակատում տիրող իրական վիճակի և հայկական զորքի նահանջի մասին, ապա դա ոչ միայն չընկալվեց հանրության կողմից, ավելին, հնչեցին պահանջներ քրեական պատասխանատվության ենթարկել տվյալ համայնքների ղեկավարներին՝ անտեղի խուճապ առաջացնող հայտարարություններ տարածելու համար, քանի որ ճակատում ամեն ինչ գերազանց է և կամավորագրվելու կարիք չկա: Ժամեր անց, Արծրուն Հովհաննիսյանը հանդես եկավ հանրությանը հանգստացնող հայտարարությամբ, թե ամեն ինչ կարգին է և համայնքապետերի կոչերը միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը:

Լսարանի կողմից նման արձագանքը, որը ակնհայտորեն էյֆորիկ տրամադրության հետևանք էր, ապացուցեց, որ թիկունքը չի պատրաստվում մոբիլիզացվել և շտապել ճակատ: Այդ պարագայում պաշտոնական լրահոսի պատասխանատուները պարտավոր էին վերանայել իրենց որդեգրած քաղաքականությունը, սակայն, ոչինչ չվերանայվեց:

Հետադարձ հայացքի տեսադաշտում պետք է անկեղծ լինել և ընդունել, որ պատերազմական իրավիճակում տեղեկատվական նման քաղաքականությունը իրապես լուրջ վտանգ է, թե ազգաբնակչության անվտանգությանն ուղղված, և թե պատերազմի նկատմամբ նրա ունեցած վերաբերմունքի առումով, քանի որ, օրինակ, հայ հանրությունը պաշտոնական տեղեկատվության ներշնչանքի տակ բացարձակորեն վստահ էր, որ անհանգստանալու առիթ չունի՝ հետևաբար և մոբիլիզացվելու ու ռազմաճակատ շտապելու կարիք չկա: Իսկ նման կարիք և խիստ անհրաժեշտություն կար, ինչպես պարզվեց շատ ավելի ուշ, երբ Արցախի նախագահը նոյեմբերի 10-ին հանդես եկավ ելույթով՝ պատերազմի պարտության մեջ ուղղակիորեն մեղադրելով նաև թիկունքին, որը չմոբիլիզացվեց ու չշտապեց ռազմաճակատ: Նման մեղադրանքներով հետագայում բազմիցս հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը: Ի՞նչպես կարող էր նման թմրեցուցիչ քարոզչության պայմաններում հանրությունը մոբիլիզացվել թիկունքում և շտապել ռազմաճակատ:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ Aravot.am-ում:

Նմանատիպ նյութեր