211652_close_icon
views-count2565 դիտում article-date 10:58 04-08-2021

Սխալ հիմքեր, սխալ շարունակություն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այն, ինչ քիչ թե շատ կայացել էր վերջին 30 տարում, իրեն արդարացնում է նաեւ հիմա: Այդպիսին է, օրինակ, բանկային համակարգը՝ իր բոլոր թերություններով, որն այս ցնցումների պայմաններում կարողանում է, ընդհանուր առմամբ, պահել դրամի կայունությունը: Չի տապալվել նաեւ առողջապահական համակարգը՝ նույն այդ ցնցումների ժամանակ: Իհարկե, հնարավոր չէ նսեմացնել վերջին երեք տարվա առողջապահության նախարարների եւ ԿԲ նախագահների աշխատանքը, բայց, կրկնեմ, համակարգերի հիմքերը դրվել են տասնամյակների ընթացքում: Եվ հակառակը. ինչ որ վատ էր առաջ, վատ է նաեւ այս երեք տարվա ընթացքում ու հիմա էլ է վատ: Պատերազմը դրա վառ ապացույցն է: 2016 թվականի ապրիլին, ինձ թվում է, ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը վաղ թե ուշ լայնամասշտաբ պատերազմ է սկսելու, ինչպես նաեւ պարզ դարձավ, թե ինչպիսին է այդ պատերազմը լինելու:

Ռազմական գործի մասնագետ պետք չէր լինել՝ հասկանալու համար, որ պատերազմը կրելու է տեխնոլոգիական բնույթ, որ զինվորի ձեռքը ինքնաձիգ տալը եւ խրամատ ուղարկելն այլեւս բավարար չէ: 2016 թվականի ապրիլից մինչեւ 2020 թվականի սեպտեմբեր անցել էր 4 տարի, որից 2-ի ընթացքում իշխում էին «նախկինները», 2 տարի էլ՝ «ներկաները»:

Ի՞նչ են արել թե՛ առաջինները, թե՛ երկրորդները համապատասխան տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար: Ոչ մի բան՝ երկուսն էլ, հավանաբար, կարծում էին՝ «որ վախտը գա, ռուսները կօգնեն»: Այսինքն՝ ձրի կամ մեծ զեղչերով մի բան կտան: Չտվեցին, իսկ նախկինում իրենց տված C-300 համակարգը հակառակորդը առաջին իսկ երեք օրվա ընթացքում կարողացավ կործանել: Պարզ է, որ պետք էր փողով գնել այդ տեխնոլոգիաներն այն երկրներից, որոնք պատրաստ էին վաճառել, իսկ այդպիսի երկրները բավականին շատ են: Բայց ինչի՞ համար է պետք ամենը հիշել: Իրար մեղադրելու, քարկոծելու, «թուրք» եւ «դավաճան» անվանելու համա՞ր:

Իմ կարծիքով, դա անիմաստ զբաղմունք է, ընտրազանգվածներին հաճոյանալու համար: Ոչ ոք «թուրք» եւ «դավաճան» չի, պարզապես վատ ղեկավարներ են՝ չընտրված կամ ընտրված: (Ի դեպ, ՔՊ-ականների ընտրված լինելը նրանց լավ ղեկավարներ չի դարձնում):

Բայց անցյալը հիշելը պետք է թերեւս միայն մի նպատակով՝ ճիշտ դասեր քաղելու: 2020 թվականին մեր վերջին պատերազմը չէր, եւ հիմա էլ է պետք պատրաստվել հաջորդ պատերազմին: Այդ առումով անհապաղ քայլեր են պետք դիվանագիտության եւ բանակաշինության մեջ՝ վստահ չեմ, որ այդ գերատեսչությունների ղեկավարներ են նշանակվել նման քայլերի ընդունակ մարդիկ: Բայց բոլոր դեպքերում նստել եւ սպասել, որ ռուսները մեզ բոլոր հարցերում կօգնեն, անարդյունավետ է:

Մենք «խռովել» ենք Իսրայելից, որ պատերազմի ժամանակ Ադրբեջանին զենք էր մատակարարում, բայց նույնն անում էր նաեւ Բելառուսը, որից, կարծես թե, չենք նեղացել: Ահա ձեզ երկու երկիր, որոնցից, ի թիվս այլոց, կարելի է զենք գնել եւ որոնք բազմիցս, գրեթե պաշտոնապես, հայտարարել են, որ մեր նման դիմումը չեն մերժի: Իհարկե, անվտանգության ապահովումը միայն զենք գնելով չէ:

44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք, որպես պետություն, ոչ մեկի համար հետաքրքիր չենք: Իսկ որպեսզի հետաքրքիր լինես, որեւէ մեկին պետք լինես, անհրաժեշտ է, որ նպատակ ունենաս ու քեզնից ինչ-որ բան ներկայացնես: Բայց դա առանձին եւ շատ ծանր թեմա է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր