211652_close_icon
views-count1477 դիտում article-date 11:11 31-07-2021

Երբ է գործն առաջ գնում․ օգոստոսի 1-ին «Առավոտ» թերթը դառնում է 27 տարեկան․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Օգոստոսի 1-ին «Առավոտ» թերթը դառնում է 27 տարեկան: Քանի որ այդ 27 տարուց 26 ու կեսը թերթի խմբագիրը ես եմ, ուզում եմ մի քանի դիտարկում անել մեր երկարակեցության պատճառների մասին:

Խոսքն այն սկզբունքների մասին է, որոնք բյուրեղացել են այս՝ բավականին երկար ժամանակահատվածի ընթացքում: Ընդհանուր գծերով այդ սկզբունքների մասին ես խոսել եմ Վանո Սիրադեղյանի հետ 1994 թվականի հոկտեմբերին՝ մինչեւ թերթի խմբագրի պաշտոնը ստանձնելս:

Կարծում եմ, նրանք, ովքեր աշխատում են կամ երբեւէ աշխատել են «Առավոտում» (իսկ խոսքը մի քանի տասնյակ մարդու մասին է), կհաստատեն, որ ես երբեք որեւէ լրագրողի հրահանգ չեմ տվել՝ «մի հատ սրա հերն անիծիր» կամ հակառակը՝ «մի հատ սրան բարձրացրու մինչեւ երկինք»: Որովհետեւ մենք հստակ գիտենք լրագրության եւ քարոզչության տարբերությունը: Իրականում դա շատ պարզ խնդիր է:

Ենթադրենք, իմ ձեռքին հիմա մի գրիչ կա, եւ ես կարող եմ վարվել երկու ձեւով. 1/ Ես կարող եմ պատմել, թե որտեղից եմ այդ գրիչը գնել, ինչ գույնի է այն, ինչ տեսակի, որ ընկերությունն է այն արտադրել եւ այլն: 2/ Ես կարող եմ փորձել այդ գրիչը ձեր վրա, հարգելի ընթերցող, վաճառել կամ հակառակը՝ համոզել ձեզ, որ դուք այդ գրիչը երբեք չգնեք: Առաջին դեպքում ես զբաղվում եմ լրագրությամբ, երկրորդ դեպքում՝ քարոզչությամբ:

Այստեղից առաջանում է մեկ այլ կարեւոր հարց՝ իսկ ինչի՞ համար է պետք զբաղվել լրագրությամբ: Թույլ տվեք այդ հարցին առավել ընդհանրական պատասխան տալ եւ թող այն չափից դուրս վերամբարձ չհնչի. որեւէ գործով, սկսած կոշիկ վերանորոգելուց, վերջացրած՝ տիեզերք թռչելով, արժե զբաղվել միայն այդ դեպքում, եթե այն, թեկուզ չնչին չափով, նպաստում է քո շրջապատը, քո բնակավայրը, քո երկիրը եւ ամբողջ աշխարհն ավելի լավը դարձնելուն: Եթե նպատակներն այդպիսիք են, ոչ թե շվայտ կյանքը, իշխանությունը, ուրիշին ցավ պատճառելով ինքնահաստատվելը, չարություն եւ ատելություն սերմանելը, եթե նպատակները մաքուր են, ապա ցանկացած գործ առաջ կգնա:

Եվ «գործն առաջ գնալն» ամենեւին չի նշանակում հարստություն եւ փառք ձեռք բերելը՝ դա ընդամենը քո առաքելությունն իրագործելն է:

Բուն լրագրության համար, կարծում եմ, առավել կարեւոր է լայնախոհությունն ու հանդուրժողականությունը, չափավորությունը, ծայրահեղություններից զերծ մնալը: Աշխարհում, այդ թվում՝ քաղաքականության մեջ, չկան հրեշներ եւ հրեշտակներ, բայց բոլոր, նույնիսկ ամենասեւ հոգում, ցանկության դեպքում, կարելի է տեսնել լույսը, նույնը՝ ամենաողբերգական իրավիճակում:

Մենք չենք ցանկանում խոսել միայն այն մարդկանց հետ, որոնք մեր համախոհներն են՝ այդ դեպքում կնմանվեինք եկեղեցու ամբիոնից քարոզող քահանաների: Մեր զրուցակիցները նաեւ մեզ հետ խիստ անհամաձայնություն ունեցողներն են. բարեբախտաբար, կայքը եւ սոցիալական հարթակները հնարավորություն են ընձեռում այդ անհամաձայններին արտահայտվելու համար: Այո, կան մարդիկ, որոնք ջղայն են, անզուսպ. նրանց կարող ենք խորհուրդ տալ՝ մտածել սեփական առողջության մասին (այդ թվում ֆիզիկական):

Արդեն նշել եմ, որ «Առավոտում» աշխատել եւ աշխատում են մի քանի տասնյակ մարդիկ, որոնց հետ ես կապված եմ փոխադարձ սիրո, ջերմության զգացմունքներով: Հոգաչափ շնորհակալ եմ նրանց այդ զգացմունքների համար»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր