«Պոլիտեխնիկը» պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը․ Հայկ Չոբանյան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 30-ին այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ), տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
«Այսօր մեր ամենամեծ խնդիրներն ու բոլոր լուծումները կրթության ոլորտում են։ Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը և արդյունաբերությունն առաջ տանող թիվ 1 դրոշակակիրը։ Այս համալսարանի միջազգայնացումը կրիտիկական նշանակություն ունի։ Այս կազմով, որտեղ ներկա են Կառավարությունը, համալսարանը և ոլորտը, ամենաբարձր հավակնությամբ պետք է մեր առջև խնդիր դնենք, որպեսզի Պոլիտեխնիկը դառնա աշխարհի ամենաբարձր կրթական որակ ապահովող հաստատություններից մեկը։ Մինչև 2021 թվականի ավարտը պետք է ունենաք Պոլիտեխնիկի համապարփակ զարգացման ծրագիրը»֊նշել է Հայկ Չոբանյանը։
ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատարը ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի, ՀԱՊՀ Խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի և համալսարանի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է իրականացրել ՀԱՊՀ-ում գործող «Խելացի լուծումներ» կենտրոնում, ծանոթացել կենտրոնի վերանորոգված և սարքավորումներով հագեցած լաբորատոր լսարաններին, կենտրոնի կողմից բարձր տեխնոլոգիական տարբեր ուղղություններով իրականացվող դասընթացներին և վերապատրաստման ծրագրերին։
Հաջորդիվ, նախարարի պաշտոնակատարն այցելել է ՀՀ ԳԱԱ օտարերկրյա անդամ Արիկ Մելիքյանի անունը կրող Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն, որը զբաղվում է անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացմամբ և այդ գծով բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի պատրաստմամբ։ Կենտրոնի տնօրեն Օլեգ Գասպարյանը Հայկ Չոբանյանին է ներկայացրել համալրված շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող անգլիական «Վիկոն» ընկերության համակարգերի շնորհիվ իրենց մշակած մոդելները, խոսել կենտրոնի ձեռքբերումներից և խնդիրներից։ Օլեգ Գասպարյանը նշել է, որ կենտրոնը մեծապես նպաստում է ինժեներական կրթության որակի բարելավմանը, գիտակրթական ծրագրերում երիտասարդ գիտնականների և բարձր կուրսերի ուսանողության առավել լայն ներգրավմանն ու մասնագիտական հեղինակության բարձրացման աջակցմանը:
Այնուհետև, նախարարի պաշտոնակատարն այցելել է ՀԱՊՀ-ում գործող մի շարք լաբորատորիաներով և եզակի սարքավորումներով հագեցած «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ»: Գիտական աշխատանքների, ծառայությունների և ինովացիոն հետազոտությունների կենտրոնի պետ Արմինե Ավետիսյանը հյուրերին ներկայացրել է հարթակի մաս կազմող փորձագիտական կենտրոնը, ինովացիոն ծառայության տարածքը, ժամանակակից սարքավորումներով համալրված լաբորատորիաները, ՀԱՊՀ-ի գործունեության արդյունքների ապրանքայնացման և առևտրայնացման նպատակով ստեղծված գործիքները, խոսել է ինովացիոն ծառայությունների և ինովացիոն պորտալի մասին։
Շրջայցի շրջանակներում նախարարի պաշտոնակատարն այցելել է նաև ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում տեղակայված աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված «Գերազանցության» կենտրոն։ Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Դռնոյանը Հայկ Չոբանյանին ներկայացրել է էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաների նորագույն սարքավորումները: ՀԱՊՀ Խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը նշել է, որ նախարարությունը պետք է կատալիզատորի դեր կատարի համալսարանի և բիզնեսի միջև, ուղղորդի ԲՈՒՀ-երին անհրաժեշտ մասնագետներ պատրաստելու հարցում։
Այցի ավարտին տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում Գոռ Վարդանյանը, նախարարի պաշտոնակատարին է ներկայացնել ՀԱՊՀ-ի կողմից իրականացվող ծրագրերն ու զարգացման տեսլականը։ ՀՀ ԲՏԱՆ և ՀԱՊՀ ներկայացուցիչները քննարկել են նախարարության և համալսարանի համագործակցության հեռանկարները։
Կարևորելով ԲՈՒՀ-ի բացառիկ դերը մեր երկրի զարգացման գործում իբրև արդյունաբերության թիվ 1 հենարան՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ որքան բարձր լինեն ոլորտի մասնագետների որակական և քանակական ցուցանիշները, այնքան բարձր կլինի մեր երկրի արդյունաբերության ցուցանիշը։
Նախարարի պաշտոնակատարը անդրադարձել է նաև ՀԱՊՀ-ի միջազգայնացման, սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման, կրթության և բիզնես ոլորտների համագործակցության հարցերին։