211652_close_icon
views-count1383 դիտում article-date 13:56 28-07-2021

Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում Գեղարքունիքում 3 հայ զինծառայողի սպանության համար. ՄԻՊ

Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքում ՀՀ 3 զոհված զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար, վիրավորում ստացած զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Թաթոյանի խոսքով՝ այս հետևության հիմքում առնվազն այն փաստերն են, որ ադրբեջանական զինված ուժերը՝

-ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում և Սյունիքում.
-2020թ. նոյեմբերի 9-ից հետո ֆիզիկապես ներկա են այն հողատարածքներում, որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են.
-պարբերաբար կրակում են գյուղերի ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին.
-զբաղված են քաղաքացիական բնակիչների նկատմամբ անօրինական արարքներով՝ կենդանիների գողություններ, մարդկանց անօրինական ազատությունից զրկելու փորձեր, հրազենով սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, խոչընդոտներ գյուղատնտեսական աշխատանքներին և այլն.
-գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհների նրանց ներկայության պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը:

«Այս ամենին գումարվում է առավելևս այն, որ, ինչպես պաշտոնապես հայտարարում են ադրբեջանական իշխանությունները, նրանց զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքներն ուղղված են սահմանների դելիեմիտացիայի և դեմարկացիայի գործընթացների վրա միջազգային իրավունքով արգելված ազդեցություն գործադրելուն»,- հավելել է Արման Թաթոյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր