211652_close_icon
views-count104524 դիտում article-date 13:20 28-07-2021

Լարված իրավիճակ Արարատի մարզում․ մի քանի գյուղերի բնակիչներ պատրաստվում են քարուքանդ եղած ճանապարհը փակել՝ եթե Կառավարությունը իր խոստումը չկատարի․ շտապօգնությունը մինչև հիվանդին հասցնում է հիվանդանոց՝ նա մեռնում է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մեկ ժամից ավելի է՝ Նուբարաշենից դեպի Արարատի մարզի Բարձրաշեն, Զովաշեն գյուղեր տանող ճանապարհին հավաքվել են Արարատի մարզի մի քանի բնակիչներ, ովքեր պահանջում են, որպեսզի պատկան մարմինները վերջապես հստակ պատասխանեն, թե երբ են կատարելու իրենց խոստումը։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին․ «Մենք գիտենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ՝ Տարածքային և ենթակառուցվածնքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ՝ հանրապետությունում կատարվում են հսկայական ճանապարհաշինարարական աշխատանքներ։ Ուզում ենք, որպեսզի այդ աշխատանքները սկսեն Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի մարզի Բարձրաշեն, Զովաշեն քարուքանդ եղած 1,5 կիլոմետրանոց ճանապարհին։ 

Երբ Գառնի-Գեղարդ ճանապարհը կապիտալ վերանորոգվում էր, 50-60 տոննա կշիռ ունեցող բեռնատարները  այս տեղով էին անցնում ու չեղած ճանապարհը հիմնովին ավիրեցին։ Այդ ժամանակ մեզ խոստացան, որ Գառնու ճանապարհը վերանորոգելուց հետո իրենց ավիրածը կդզեն, բայց գնացին՝ դարձան «Նոյի ագռավ»։

Գյուղերից Երևան չենք կարողանում տաքսով գանք, իսկ երբ գյուղերում մարդ է վատանում՝ շտապօգնությանը մի կերպ ենք համոզում, որ համաձայնվի՝ գա։ Եթե նախկինում շտապօգնությունը հասնում էր 5-7 րոպեում, ապա հիմա կես ժամից ավելի է պահանջվում։ Հիվանդին եթե տեղափոխում է հիվանդանոց՝ վայ էդ խեղճ հիվանդին։

Խնդրում ենք Ս․ Պապիկյանին, որպեսզի հետևողական լինի և այս ճանապարն էլ սկսեն վերանորոգել։ Տրանսպորտային միջոցների շարժն այս հատվածում այնքան շատ է, որ, իրոք, պետք է Կառավարությունը միջոցներ ձեռնարկի ճանապարհի վերանորոգման ուղղությամբ։

Հիմա գյուղերով չենք դիմում ծայրահեղ միջոցի, այն է՝ ճանապարհ փակել, ուղղակի որպես նախազգուշացում է, որ մեր խնդրանքը լսելի կլինի պատասպանատուներին։ Իսկ հակառակ դեպքում՝ ստիպված ենք դիմելու ճանապարհ փակելու միջոցին»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհի այդ մոտ 1-1,5 կիլոմետրանոց հատվածը եթե վերանորոգվի, ապա բնակիչներն՝ այդ թվում վարորդները, շատ գոհ ու շնորհակալ կլինեն պատասխանատուներից։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր