211652_close_icon
views-count1986 դիտում article-date 13:50 24-07-2021

Նա ինքներս մեզ լսելի դարձրեց. քաղաքացիները վերջին հրաժեշտը տվեցին Ջիվան Գասպարյանին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում  հուլիսի 24-ին տեղի ունեցավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարպետի վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի գործիչները, ընկերները, հարազատները և բազմաթիվ քաղաքացիներ:

ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Կամո Սեյրանյանի խոսքով` Ջիվան Գասպարյանից սովորել են բոլոր դուդուկահարները՝ թե անձամբ վարպետի, թե նրա ձայնագրությունների միջոցով,:

«Հիշում եմ` առաջին անգամ վարպետին հանդիպեցի, երբ Կոնսերվատորիայում առաջին կուրսի ուսանող էի: Ազգային ռադիոյում դուդուկահարների մրցույթ էր կազմակերպվել և Ջիվան Գասպարյանը ժյուրիի նախագահն էր: Նա ինձ նկատողություն արեց, ասաց` «տղա ջան, երբ նվագում ես, ուշադրություն դարձրու քո մատերին, իսկ դու բոլորին ուշադիր նայում ես` ժյուրիի անդամներին,  ովքեր են նրանց կողքին նստած, բացի քո մատերից: Այդ տարիների ընթացքում մտերմացանք վարպետի հետ … Շատ հուզված եմ, մեծ արվեստագետ կորցրեց հայ ժողովուրդը: Բոլորիս և վարպետի ընտանիքին համբերություն եմ մաղթում»,- ասաց Սեյրանյանը:

Ժողովրդական արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը նույնպես շատ բան է սովորել վարպետից: Դաբաղյանը համոզված է, որ բազում սերունդներ կօգտվեն նրա տված համամարդկային արժեքներից:

« Նման մարդիկ երբեք չեն մահանում: Մարդը մահանում է այն դեպքում, եթե ոչինչ չի տալիս աշխարհին: Ջիվան Գասպարյանը թողել է մեծ ժառանգություն, նա կարողացավ դուդուկը ներկայացնել համայն աշխարհին: Դրանով ճանաչեցին մեր երկիրը, սիրեցին հայ մարդուն, խորացան հայ մշակույթի արմատներում: Ջիվան Գասպարյանի մահը մեծ կորուստ էր մեր մշակութային կյանքում, որովհետև նման մարդանց ներկայությունը , անկախ տարիքից, միշտ անհրաժեշտ է ժողովրդին և մարդկությանը: Գասպարյանական դպրոցը շատ խորն է և արժեքավոր»,- ընդգծեց Դաբաղյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի կարծիքով`  Ջիվան Գասպարյանը մի ամբողջ ինստիտուտի աշխատանք կատարեց Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու, միջազգային ամենահեղինակավոր արվեստագետներին Հայաստանը ներկայացնելու առումով:

« Չեմ ուզում կենտրոնանալ միայն նրա միջազգային գործունեության վրա, որովհետև նա ինքներս մեզ լսելի դարձրեց: Ըստ էության, Ջիվան Գասպարյանը վերջնականապես հաստատեց, որ դուդուկը կամ ինչպես ասում ենք՝ ծիրանափողը, հայության գոյաբանական գործիքն է: Դուդուկի միջոցով մեղեդիանում է, հնչեղ է դառնում հայ ժողովրդի պատմությունը, կենսագրությունը, ամեն հայ մարդու սրտի հուզումները: Կարծում եմ, որ ինքն իր հուշարձանը կառուցեց, կառուցեց իր արվեստով, իր ժառանգությամբ, որ թողել է»,- ընդգծեց Խզմալյանը:

Արայիկ Խզմալյանը չի կարծում, որ Ջիվան Գասպարյանը արժանավոր փոխարինող չի ունենալու, որովհետև վարպետը ամուր հիմքեր է դրել, դպրոց կայացրել:

 «Այսօր էլ ունենք ուղղակի ֆանտաստիկ դուդուկահարներ և, կարծում եմ, որ մոտ ապագայում մենք վարպետի անվանը համարժեք անունների մասին կիմանանք: Ամեն դեպքում բոլորս կարող ենք մխիթարվել այն հսկայական աշխատանքով ու սիրով, որ ժողովուրդն ունի Ջիվան Գասպարյանի  և այն արժանապատիվ կյանքով, որ ապրեց վարպետը և ստիպեց, որ մենք այդպես ապրենք»,-եզրափակեց Խզմալյանը:

Նմանատիպ նյութեր