211652_close_icon
views-count1538 դիտում article-date 20:34 23-07-2021

Վահագն Հարությունյան. Հնարավորություն ունենք լավ խաղալու

Բասկետբոլի Հայաստանի կանանց մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում ամփոփել է Հայաստանի մասնակցությունը Երևանում կայացած Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարում։

Նշենք, որ հայ բասկետբոլիստուհիներին այս մրցաշարում չհաջողվեց հաղթանակ տանել:

«2 ամիս առաջ, երբ հայտնի դարձավ D ենթախմբում մեր մրցակիցների անունները, սկսեցինք ուսումնասիրել նրանց վերջին ելույթները։ Սկզբից էլ հասկացանք, որ դժվար խաղեր են սպասվում։

Հունաստանի վերջին մրցաշարը եղել էր 2 տարի առաջ Եվրոպայի Մ18 տարեկանների առաջնության B դիվիզիոնում, որտեղ նրանք զբաղեցրել էին երկրորդ հորիզոնականը։ Մյուս հավաքականները ևս լավ արդյունքներ էին գրանցել։ Ալբանիայի հավաքականը նախորդ մրցաշարում վերջին՝ 24-րդ տեղն էր զբաղեցրել, և չէինք սպասում, որ նրանց մոտ կարող էր այդպիսի առաջընթաց գրանցվել։ Չնայած նրանք միշտ հանդես են եկել B դիվիզիոնում, և տվյալ դեպքում փորձն արդյունք տվեց։

Հայաստանի առաջնությունից հավաքական էին հրավիրվել 7 խաղացող, որոնցից 4-ը հանդես են գալիս «Լես Ֆոքսիս»-ում, իսկ 2-ը՝ «Հատիս» ակումբում։ Միջազգային մրցաշարում փորձի առկայությունը շատ կարևոր է, իսկ դա մեր խաղացողներից մի քանիսի մոտ պակասում էր։

Նախապատրաստական հավաքը սկսեցինք հունիսի 27-ից։ Մի քանի ընկերական խաղ անցկացրինք տղաների թիմի դեմ, բայց մեզ դա մեծ օգուտ չտվեց։ Չկարողացանք ստանալ այն արդյունքը, որը պետք էր, քանի որ ճիշտ պաշտպանվելու և հարձակվելու համար անհրաժեշտ էր, որ աղջիկները խաղային աղջիկների դեմ։ Դա նույնպես խնդիր էր, որը չեմ կարող չառանձնացնել»։

Գլխավոր մարզիչի խոսքով, թիմը պայքարում էր մինչև վերջ՝ ձգտելով ամեն խաղում հասնել առավելագույն արդյունքի։

«Առաջին դիմակայությունը Շվեյցարիայի հավաքականի դեմ էր։ Այս խաղում մեր աղջիկների մոտ հենց սկզբից նկատվում էր լարվածություն, նրանք առաջին անգամ էին տեսնում այդ քանակի հանդիսատես, մյուս կողմից մրցակցցի խաղացողները մեզանից շատ բարձրահասակ էին։ Այո, այս խաղը ամբողջությամբ ձախողեցինք, բայց այն, որ մինչև վերջ պայքարեցինք, իհարկե, չեմ կարող չընդգծել։ Ինձ թվում է՝ հանդիսատեսը տեսնում էր, որ թիմը չէր հանձնվում, փորձում էր արդյունավետ գործել, բայց ուժերը չբավականացրին, այդ պատճառով անգամ մեծ հաշվով զիջելու ժամանակ, նրանք չլքեցին դահլիճը։

Ի տարբերություն Շվեյցարիայի, Ուկրաինայի դեմ խաղում արդեն գիտեինք, թե մրցակիցն ինչ կազմով է հանդես գալու, և ավելի կազմակերպված էինք գործում։ Թիմին ուսումնասիրել էինք, վերլուծել էինք նախորդ խաղերը և գիտակցում էինք նրանց իրական հնարավորությունները։ Այսինքն պատրաստ էինք նման մրցակցի դեմ պայքարի։

Երրորդ խաղը անցկացրինք Հունաստանի դեմ, որտեղ ակնհայտ երևաց մրցակցի մեծ փորձը և մի քանի առավելությունները։ Հաշվի չէինք առել նրանց կազմի 5 համարի ֆենոմենը։ Տեսել էինք, որ խաղադաշտում շատ արագաշարժ ու ճարպիկ է գործում, բայց չէինք պատկերացրել, որ այդքան բարդ կլիներ նրա դեմ պայքարը։ Առաջին և երկրորդ քառորդներում հավասարը հավասարի դեմ պայքար ենք մղել, իսկ վերջնական արդյունքից դժգոհ չեմ, մեր պարագայում դա նորմալ ցուցանիշ է։

Վերջին խաղը անցկացրինք Ալբանիայի դեմ։ Մեզ համար բարդ հանդիպում ստացվեց։ Նրանք շատ կազմակերպված թիմ ունեն։ Դա ապացուցեցին հենց առաջին խաղում, երբ հաղթեցին Ուկրաինային։ Ալբանիայի դեմ խաղում թիմի մոտ արդեն ֆիզիկական հոգնածություն էր նկատվում, քանի որ հաջորդ խաղից հետո քիչ ժամանակ էր անցել, և հանգստանալու ժամանակ չկար։

Մենք պետք է գիտակցենք, որ սա մեր առաջին փորձն էր B դիվիզիոնում, ընդ որում՝ խաղում էինք լավագույն թիմերի դեմ։ Այս պարտություններն էլ խոսում են այն մասին, որ մենք դեռևս շատ մեծ աշխատանք ունենք անելու։ Հնարավորություն ունենք լավ խաղալու, իսկ դրա համար անհրաժեշտ է ուժերի կենտրոնացում։ Հաջողության կհասնենք, եթե շարունակենք զարգացնել Հայաստանի կանանց առաջնությունը և ներառել արտասահմանյան խաղացողների, ինչը, միանշանակ, կուժեղացնի տեղացի բասկետբոլիստուհիների խաղային որակները։ Եթե դա հաջողենք, հաջորդ տարի ավելի ուժեղ կազմով կմասնակցենք առաջնությանը»,- ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 13-18-ը Երևանում անցկացվեց կանանց մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումները։ Հայաստանը մրցեց Հունաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Ալբանիայի հետ։

Նմանատիպ նյութեր