211652_close_icon
views-count1475 դիտում article-date 21:28 22-07-2021

Ատելության խոսքը ՀՀ քաղաքական դաշտ ներմուծել է Նիկոլ Փաշինյանը. ինքն էր մուրճը վերցրել և վազվզում փողոցներով. Իշխան Սաղաթելյանը՝ համագործակցության վերաբերյալ Փաշինյանի առաջարկի մասին

tert.am-ը գրում է. Մենք մինչ ընտրություններն էլ ասում էինք, որ այս իշխանության վերարտադրվելու դեպքում ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվելու, այլ այն նոր դրսևորումներ է ունենալու, որովհետև ճգնաժամի բուն պատճառը, ըստ էության, հեռացված չէ, երկրում շարունակվում է անվտանգային և քաղաքական ճգնաժամը: Այս մասին այսօր ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան դաշինքի» անդամ Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով Փաշինյանի՝ ՍԴ որոշման անդրադարձի մասին:

«Թշնամին այսօր Հայաստանի ինքնիշխան տարածքում է, հազարից ավելի զինվոր ունի և մեր երկրի անվտանգությունը լրջագույն հարցականի տակ է, հետևաբար, եթե փողոցում այս օրերին մարդիկ չկան, ապա սա չի նշանակում, որ ճգնաժամը հաղթահարված է»,- ասաց Սաղաթելյանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ ասել էր, որ այս ընտրությունները Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու միջոց դարձան:

Խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, թե հետընտրական իրավիճակում պատրաստ են համագործակցության՝ զերծ ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից՝ Սաղաթելյանը նշեց, որ նախ պետք է հստակ արձանագրել, որ ատելության խոսքը ՀՀ քաղաքական դաշտ ներմուծել է Նիկոլ Փաշինյանը:

«Նա և նրա ամբողջ իշխանությունը կառուցված է ամբողջովին ստի և կեղծիքի վրա, ինքն էր հասարակությանը բաժանում «սևերի և սպիտակների», ինքն էր մուրճը վերցրել և վազվզում փողոցներով, ինքն էր ասում՝ թաթիկներդ կկտրեմ, կփռեմ ասֆալտին, ծնոտդ կջարդեմ և այլն: Այսինքն՝ ատելության խոսքը ՀՀ-ում տարածել է թիվ 1 պաշտոնյան»,– շեշտեց նա:

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Փաշինյանն այս հայտարարությունց առաջ պետք է հետևություններ աներ նաև հենց իր պահվածքից և եթե արել էր, ապա պետք է երկու կարևոր քայլեր աներ: Ըստ Սաղաթելյանի՝ առաջինն այն է, որ առաջին հերթին պետք է ազատվեին այն բոլոր քաղբանտարկյալները, որոնք հիմա կան:

«Մյուսն այն է, որ նա դեռ շարունակում է իր «ֆեյքերով», յութուբյան էջերով ատելության խոսք տարածել, մեր մասին վարկաբեկիչ ֆիլմեր, տեսանյութեր հրապարակել:  Քանի դու դեռ այս երկու գործողությունները չես արել, դու պարզապես իրավունք չունես խոսել կառուցողական հարաբերությունների, ատելության խոսքի վերացման մասին: Հետևաբար, այս ամենը հերթական շոուն և ինչ-որ շրջանակների ականջներին հաճո խոսքեր ասել է, բայց գործնական դաշտում, վստահ եմ՝ որևէ փոփոխություն չի լինելու, որովհետև, որ պահից սկսած՝ նա կհրաժարվի ատելության խոսք տարածելուց ու իր հիմնական գործելաոճից, նա խնդիրներ է ունենալու, որովհետև իր իշխանությունը հիմնված է հենց դրա վրա»,- ասաց դաշինքի անդամը: 

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր