211652_close_icon
views-count1371 դիտում article-date 14:11 17-07-2021

Հայաստանի և ԵՄ-ի շփումները երբևիցե այսքան ինտենսիվ չեն եղել. Նիկոլ Փաշինյան

Ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին. Գործընկերոջս հետ արդյունավետ և կառուցողական զրույցների ժամանակ մտքեր ենք փոխանակել Հայաստանի և ԵՄ միջև ծավալված ակտիվ համագործակցության, համատեղ ծրագրերի, ինչպես նաև հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Այս մասին այսօր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում իր ելույթում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, ասաց. «Վերջին 1,5 ամսվա ընթացքում սա իմ երկրորդ հանդիպումն է պարոն Միշելի հետ: Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի և ԵՄ-ի շփումները երբևիցե այսքան ինտենսիվ չեն եղել, ինչն անկասկած վկայում է հարաբերությունները զարգացնելու երկուստեք հանձնառության մասին: Ինչպես միշտ կայացած քննարկումների առանցքում էին մեր ներկա և ապագա ծրագրերը: Այդ տեսանկյունից հատուկ ընդգծվեց  համատեղ ծրագրերի հաջող իրագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովման կարևորությունը:

Անդրադարձել ենք նաև 2020 թվականի ընթացքում ի հայտ եկած մարտահրավերներին, ի դեմ նոր կորոնավիրուսի և սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին և դրա հետևանքներին: Այս համատեքստում հատուկ ուզում եմ հայտնել մեր երախտագիտությունը և գոհունակությունը պարոն Միշելին թե նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի, թե դրա հետևանքների մեղմման, թե Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայից տուժած անձանց օժանդակելու նպատակով իր ներդրած անձնական ջանքերի համար, այդ թվում գերիների վերադարձի հարցում ունեցած շահագրգիռ ներդրման համար»:

Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ նշելով. «Հայաստանը հետևողական  և կառուցողական աշխատանք է տանելու տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, նախկինում գոյություն ունեցած կոմունիկացիոն ուղիների վերականգնման  և նոր ճանապարհների, մասնավորապես, Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման համար և այստեղ չափազանց կարևոր է ԵՄ-ի աջակցությունը:

Այս համատեքստում ուզում եմ մեր երախտագիտությունը հայտնել ԵՄ կողմից «Արևելյան գործընկերության» շրջանակներում Հայաստանում իրականացվելիք ծրագրերի համար շուրջ 2,6 մլրդ եվրո տրամադրելու մտադրության մասին:

Այդ միջոցներով իրականացվելու են 7 ուղենշային ծրագրեր: Նախկինում ծրագրերը 5-ն էին: Այդ ծրագրերի շարքում են Հյուսիս-Հարավի կառուցումը, Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումը, փոքր ու միջին բիզնեսի զարգացումը, կանանց տնտեսական գործունեության և առաջնորդության քաջալերումը, բնապահպանական խնդիրների լուծումը, կանաչ օրակարգի խթանումը, նորարարության, գիտության և տեխնոլոգիաների զարգացումը, ջրային և կրթական ենթակառուցվածքների ձևավորումը: Այդ ծրագրերի իրականացումը հիրավի հիմնարար նշանակություն կարող է ունենալ մեր երկրի ենթակառուցվածքների զարգացման և տնտեսական աճի ու զարգացման համար;

Չնայած պատերազմին, տարածաշրջանային մարտահրավերներին, մեր երկիրը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների անդառնալի ուղին: Բարեփոխումների այս հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում ԵՄ-ն Հայաստանի կարևորագույն գքործընկերներից է: Հայաստանը պատրաստակամ է շարունակելու ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի և ԵՄ անդամ երկրների հետ՝ կիզակետում ունենալով մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումըօրենքի գերակայության հաստատումն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը:

Այս համատեքստում հարկ է հիշատակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը: Համաձայնագրի վավերացման գործընթացի հաջող ավարտը  և վերջինիս ուժի մեջ մտնելը կարևորագույն իրադարձություն է Հայաստան-ԵՄ հարաբերություններում:

Մենք կարևորում ենք նաև «Արևելյան գործընկերությունը», որը ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների առանցքային նախաձեռնությունն է և մենք լրջորեն ենք նախապատրաստվում դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին՝ հուսյ ունենալով, որ այն կլինի արդյունավետ»:

Նմանատիպ նյութեր