211652_close_icon
views-count8068 դիտում article-date 10:13 16-07-2021

Ջրհեղեղներ Բելգիայում և Գերմանիայում. Բելգիայում զոհերի թիվը հասել է 11-ի, Գերմանիայում անհայտ կորած է համարվում մոտ 1300 մարդ

Բելգիայի հարավում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, հայտնում է RTBF հեռուստաալիքը:

«Իշխանությունները հաստատել են 11 մարդու մահը, երեք փրկարար, որոնց նավակը շրջվել է ցեխային հոսքի մեջ, անհայտ կորած են համարվում», - ասված է նյութում:

Ջրհեղեղների պատճառ են դարձել հորդառատ անձրևները, որոնք հանգեցրել են միանգամից մի քանի գետերում ջրի մակարդակի բարձրացմանը: Լիմբուրգում մեկ օրում տեղացել է 130 մմ տեղում, Լիեժ նահանգում՝ 150 մմ:

Իշխանությունները հայտնում են, որ ներկա դրությամբ Բելգիայի հարավային մասում գտնվող քաղաքների փողոցներում ջրի մակարդակը հասնում է 50-60 սմ-ի, որոշ տեղերում՝ մեկ մետրի: Տարերքը ոչնչացրել է ավելի քան 20 տուն: 

Հորդառատ անձրևների առաջացրած ջրհեղեղների հետևանքով Գերմանիայում էլ՝ Արվայլեր շրջանում, մոտ 1300 մարդ անհայտ կորած է համարվում, հայտնում է korrespondent.net-ը՝ շրջանի վարչակազմի կայքին հղումով: 

Ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները հայտնել էին, որ ջրհեղեղների ժամանակ Գերմանիայի արևմտյան մասում մահացել է առնվազն 70 մարդ, իսկ անհայտ կորածների որոնման աշխատանքներում ներգրավված են արտակարգ ծառայությունների ուժերը, ինչպես նաև զինվորականներն ու իրավապահները: 

Ար գետում և դրա վտակներում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, փրկարարական աշխատանքներ են տարվում նաև Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա և Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասերում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, իր հերթին, հայտարարել է, որ ջրհեղեղների հետ կապված թվերն իր մոտ շոկ են առաջացրել:

Նշենք, որ Գերմանիայում հորդառատ անձրևներ են արդեն մի քանի օր:

Նմանատիպ նյութեր