211652_close_icon
views-count1208 դիտում article-date 14:21 15-07-2021

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Վարչապետի աշխատակազմը:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացումը վկայում է թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ուղիով շարունակելու Հայաստանի հանձնառության մասին: Հայաստանում ընթացող բարեփոխումներն ու ժողովրդավարական վերափոխումներն աննկատ չեն անցել: Ես անկեղծ հույս ունեմ, որ Դուք կշարունակեք իրականացնել այդ կարևոր բարեփոխումները, չնայած անբարենպաստ անվտանգային միջավայրին:

Շարունակական համագործակցության ակնկալիքով վստահություն եմ հայտնում, որ միասին կկարողանանք հաջողությամբ նպաստել Հայաստանի և Նիդեռլանդների միջև սերտ գործընկերության խորացմանը: Որպես ժողովրդավարության և լավ կառավարման սկզբունքներին հավատարիմ երկիր, Նիդեռլանդները կշարունակի սատարել Հայաստանին բարեփոխումների գործում, հատկապես ժողովրդավարացման և իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ: Մենք կսերտացնենք տնտեսական համագործակցությունը, մասնավորապես գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում:

Մեծապես կարևորում եմ մեր գործակցությունը ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում և ակնկալում եմ, որ այս տարվա վերջին Արևելյան գործընկերության արդյունավետ գագաթնաժողով կունենանք: Ես նաև բարձր եմ գնահատում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի շրջանակում մեր սերտ համագործակցությունը:

Ցավոք, այս տարվա ապրիլին Ձեր պլանավորված այցը Նիդեռլանդներ ստիպված եղանք հետաձգել` մեր երկու երկրներում առկա համաճարակի պատճառով: Անկեղծ հույս ունեմ, որ 2022 թվականն այդ առումով ավելի բարենպաստ կլինի, և հաճույքով ակնկալում եմ 2022 թվականին հյուրընկալել Ձեզ Նիդեռլանդներում՝ նշելու մեր երեսնամյա դիվանագիտական հարաբերությունների հաջողությունները:

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում` ի շահ հայ ժողովրդի»:

Նմանատիպ նյութեր