211652_close_icon
views-count2152 դիտում article-date 23:00 14-07-2021

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Սինոֆարմի հետ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման համաձայնագիր է կնքել

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Սինոֆարմը երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր են ստորագրել՝ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութի համաշխարհային հասանելիությունը ապահովող COVAX նախաձեռնության անունից ՔՈՎԻԴ-19-ի դեմ BBIBP-CorV ոչ ակտիվ վիրուսային պատվաստանյութեր մատակարարելու վերաբերյալ:

Պայմանագրի համաձայն՝ մինչև 2021թ.-ի վերջը, ՅՈՒՆԻՍԵՖ-ին հասանելի կլինի պատվաստանյութի մոտ 120 միլիոն դեղաչափ, որը կմատակարարվի Առողջապահության համաամերիկյան կազմակերպությանը (PAHO) մասնակից երկրներին և տարածքներին, ինչպես նաև` ինքնաֆինանսավորվող մասնակիցներին:

Սա մատակարարման 7-րդ համաձայնագիրն է, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստորագրել է ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութեր ձեռքբերելու համար՝ COVAX-ի անունից։ Նախկինում պայմանագրեր են կնքվել Հնդկաստանի «Serum Institute»-ի, Փֆայզերի, ԱստրաԶենեկայի, Human Vaccine-ի, Moderna-ի և Janssen Pharmaceutica NV-ի հետ։

Մայիսին Սինոֆարմ պատվաստանյութը ընդգրկվել է ԱՀԿ-ի՝ արտակարգ իրավիճակներում գործածման համար խորհուրդ տրվողների ցանկում (WHO Emergency Use Listing): Հուլիսի 12-ին «Գավի» պատվաստանյութերի դաշինքը հայտարարել է, որ Սինոֆարմի հետ ստորագրել է նախնական գնման պայմանագիր (APA) COVAX-ի անունից` 60 միլիոն դեղաչափ ձեռք բերելու նպատակով, որոնք հասանելի կլինեն 2021թ.-ի հուլիս – հոկտեմբեր ամիսներին: Ըստ պայմանագրի կետերից մեկի՝ անհրաժեշտության դեպքում, ձեռք է բերվելու հավելյալ 60 միլիոն դեղաչափ պատվաստանյութ 2021 թ.-ի չորրորդ եռամսյակում և ևս 50 միլիոն դեղաչափ՝ 2022 թ.-ի առաջին կեսին։ Այսպիսով, Սինոֆարմ պատվաստանյութի հնարավոր 170 միլիոն դեղաչափ հասանելի կլինի COVAX-ի մասնակիցների համար։

Մատակարարումերը կարող են սկսվել արդեն օգոստոսին, եթե երկրները պատրաստ լինեն դրանք ստանալ: Մասնակից երկրներին տրամադրվելիք դեղաչափերի հատկացումները որոշվելու են COVAX-ի հատկացման շրջանակի կողմից` հաշվի առնելով մինչ օրս COVAX-ի միջոցով իրականացված պատվաստանյութերի մատակարարումը, հասանելիությունը, երկրի պատրաստվածությունը, գործառնական և մատակարարման իրավիճակն ու այլ չափորոշիչներ:

COVAX նախաձեռնության նպատակն է՝ օգնել հաղթահարել համաշխարհային համավարակի այս սուր փուլը մինչև 2021 թ.-ի ավարտը՝ ապահովելով պատվաստանյութերի արագ, արդարացի և համահավասար հասանելիություն բոլոր մասնակից երկրների և տարածքների համար՝ անկախ վերջիններիս եկամտի մակարդակից:

COVAX նախաձեռնությունը, որը ղեկավարվում է Գավի պատվաստանյութերի գլոբալ դաշինքի, Համաճարակային պատրաստվածության նորարարությունների կոալիցիայի և ԱՀԿ-ի կողմից, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ, նպատակ ունի ապահովել ՔՈՎԻԴ-19-ի որակյալ պատվաստանյութերի  հասանելիությունը՝ հնարավորություն ընձեռելով պաշտպանել առողջապահության և սոցիալական ոլորտների առաջնային օղակի աշխատողներին, ինչպես նաև՝ բարձր ռիսկային և խոցելի այլ խմբերին:


 

Նմանատիպ նյութեր