211652_close_icon
views-count1563 դիտում article-date 16:15 13-07-2021

Արձանագրվել է համաշխարհային սովի մակարդակի կտրուկ աճ. ՅՈՒՆԻՍԵՖ

2020 թ.-ի ընթացքում աշխարհում սովի մակարդակը զգալիորեն աճել է` հիմնականում ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված. այս մասին հայտնում են ՄԱԿ-ի գործակալությունները: Թեև համավարակի ազդեցությունը դեռ ամբողջությամբ պետք է քարտեզագրվի, ըստ գործակալությունների համատեղ զեկույցի, բնակչության մոտավորապես մեկ տասներորդը՝ ավելի քան 811 միլիոն մարդ, նախորդ տարվա ընթացքում թերսնուցված է եղել: Ելնելով այս թվից՝ անհրաժեշտ են հսկայական ջանքեր գործադրել՝ մինչև 2030 թ.-ը սովն աշխարհում վերացնելու համար։
 
«Պարենային և սննդի անվտանգության վիճակն աշխարհում» զեկույցի այս տարվա հրատարակությունը համավարակային ժամանակաշրջանում իրականացված, իր տեսակի մեջ եզակի հետազոտություն է: Զեկույցը հրատակարվել է ՄԱԿ-ի սննդի և գյուղատնտեսության հիմնադրամի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։
 
Ինչպես արդեն նշվել է նախորդ հրատարակություններում, միլիոնավոր մարդկանց, այդ թվում՝ երեխաների պարենային անվտանգությունը վտանգված է։ «Ցավոք, համավարակը շարունակում է  ի հայտ բերել մեր պարենային համակարգի թերությունները, ինչը սպառնում է մարդկանց կյանքին և կենսակերպին ամբողջ աշխարհում»,- նշել են ՄԱԿ-ի հինգ գրասենյակների ղեկավարներն այս տարվա զեկույցի նախաբանում։
 
Շարունակելով՝ նրանք նաև նախազգուշացնում են «բախտորոշ ճամփաբաժանի» վտանգի մասին, թեև, միևնույն ժամանակ հույս են հայտնում ընդլայնված դիվանագիտական ջանքերի արդյունքում գրանցվելիք դրական փոփոխությունների մասին: «Այս տարի կայանալիք Պարենային համակարգերի գագաթնաժողովի, Սնուցում հանուն աճի գագաթնաժողովի և ՄԱԿ-ի 26-րդ Կլիմայի փոփոխության շրջանակային համաժողովի ընթացքում եզակի հնարավորություն է ընձեռնվելու զարգացնելու պարենային անվտանգությունը և սնուցումը՝ պարենային համակարգերը վերափոխելու միջոցով:
 
Մանրամասներ թվերի վերաբերյալ.
Սովի մակարդակի ցուցանիշը սկսել է աճել դեռևս 2010 թթ. կեսերին՝ այսպիսով կասկածի տակ դնելով սովի վերացմանն ուղղված հույսերը: 2020 թ.-ին սովը գերազանցել է բնակչության աճը թե՛ բացարձակ, թե՛ համամասնական հաշվարկներով, ինչն արդեն անհանգստացնող փաստ է։ Նախորդ տարվա ընթացքում բնակչության մոտ 9․9 տոկոսը համալրել են թերսնուցում ունեցող մարդկանց շարքերը՝ 8․4 տոկոսով գերազանցելով 2019թ.-ի ցուցանիշը։
 
Թերսնված մարդկանց ավելի քան կեսը՝ 418 միլիոն մարդ, ապրում է Ասիայում, ավելի քան մեկ երրորդը՝ 282 միլիոնը՝ Աֆրիկայում, ավելի քիչ թվով մարդ՝ 60 միլիոն, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում: Սակայն սովն ամենաարագ տեմպերով աճել է Աֆրիկայում, որտեղ թերսնուցված մարդկանց թիվը կազմում է բնակչության 21 տոկոսը, ինչը կրկնակի անգամ մեծ է՝ համեմատած մնացած բոլոր տարածաշրջանների։
 
2020 թ.-ը սոսկալի էր նաև այլ տեսանկյուններից։ Ընդհանուր առմամբ, 2.3 միլիարդ մարդ (աշխարհի բնակչության 30 տոկոսը) ամբողջ տարվա ընթացքում չի կարողացել լիարժեք սնվել։ Այս ցուցանիշը, որը հայտնի է որպես պարենային անապահովության միջին կամ ավելի վատ մակարդակ, մեկ տարվա ընթացքում այնքան է աճել, որքան նախորդ 5 տարիների ընթացքում միասին վերցրած։ 2020 թ.-ին խորացել է նաև գենդերային անհավասարությունը՝ թերսնուցված յուրաքանչյուր 10 տղամարդու համեմատ, եղել է թերսնուցված 11 կին (այս ցուցանիշը 2019թ.-ից աճել է 10.6-ով)։
 
Թերսնուցումը առկա է իր բոլոր ձևերով, ինչի հետևանքով ամենաշատը տուժել են երեխաները: 2020 թ.-ին ավելի քան 149 միլիոն 5 տարեկանից ցածր երեխա թերաճ է եղել կամ իր տարիքի համեմատ ցածր հասակ է ունեցել: Ավելի քան 45 միլիոն երեխա թերսնուցված է եղել, կամ իր հասակի համար ցածր քաշ է ունեցել, իսկ գրեթե 39 միլիոնը եղել է գերքաշ: Ամբողջ երեք միլիարդ մեծահասակ և երեխա չի ունեցել առողջ սննդակարգից օգտվելու հնարավորություն՝ հիմնականում բարձր գների պատճառով։

Վերարտադրողական տարիքում գտնվող կանանց մոտավորապես մեկ երրորդը սակավարյունություն (անեմիա) ունի: Գլոբալ մակարդակով, չնայած որոշ ոլորտներում արձանագրված առաջընթացին (օր.՝ ավելի շատ նորածիններ են սնվում են բացառապես կրծքի կաթով), մինչև 2030 թ.-ը պարենային ցուցանիշների թիրախներին հասնելու աշխարհի ջանքերը դեռևս չեն հասել իրենց նպատակին։
 
Ի՞նչ է դեռևս հնարավոր անել.
Ինչպես նշված է նախորդ տարվա զեկույցում, սննդային ապահովության հասնելու համար անհրաժեշտ է վերափոխել սննդային համակարգերը, բարելավել սնուցումը և առողջ սննդակարգը հասանելի դարձնել բոլորին: Այս տարվա զեկույցում, ի լրումն, առանձնացվել է վեց «վերափոխման ուղի», որոնք են՝
  • Ինտեգրել հումանիտար, զարգացման և խաղաղաղության կառուցման քաղաքականությունը հակամարտությունների գոտիներում: Օրինակ՝ ձեռնարկել սոցիալական պաշտպանության միջոցներ, որպեսզի ընտանիքները ստիպված չլինեն փոխանակել իրենց ունեցվածքը պարենի հետ։
  • Բարձրացնել կլիմայական դիմակայունությունը պարենային համակարգերում՝ կլիմայական ռիսկերից ապահովագրություն և եղանակային կանխատեսումների վրա հիմնված ֆինանսավորում առաջարկելով մանր սեփականատեր ֆերմերներին:
  • Ամրապնդել ամենախոցելի շրջանակների դիմակայունությունը տնտեսական բարդությունների նկատմամբ: Օրինակ՝ իրականացնել դրամական աջակցության ծրագրեր, որոնք ուղղված կլինեն համավարակի և նման ճգնաժամերից հետո ծագող խնդիրները թեթևացնելուն կամ սննդի արժեքի անկայունությունը նվազեցնելուն:
  • Միջամտել մատակարարման շղթաների գործունեությանը, որպեսզի նվազեցվի սննդարար սննդամթերքի արժեքը՝ խրախուսելով կենսաբանորեն հարուստ մշակաբույսերի արտադրությունը կամ աջակցել միրգ և բանջերեն աճեցնողներին՝ ավելի արագ շուկա մուտք գործելու հարցում։
  • Պայքարել աղքատության և կառուցվածքային անհավասարությունների դեմ: Օրինակ՝ աղքատ համայնքներում խթանելով սննդամթերքի սննդային արժեքի շղթան տեխնոլոգիաների տրամադրման և հավատարմագրման ծրագրեր իրականացնելու միջոցով:
  • Ամրապնդել պարենային բնագավառը և փոխել սպառողի վարքագիծը, օրինակ՝ վերացնելով արդյունաբերական տրանս-ճարպերը և նվազեցնելով աղի և շաքարավազի պարունակությունը սննդամթերքի մեջ, ինչպես նաև պաշտպանելով երեխաներին սննդի շուկայավարման բացասական ազդեցությունից։

Նմանատիպ նյութեր