211652_close_icon
views-count6993 դիտում article-date 19:20 10-07-2021

Եթե անհրաժեշտ լինի, Հայաստանը պետք է կատարի ՀԱՊԿ-ում ստանձնած իր պարտավորությունները. Նորատ Տեր-Գրիգորյանց

Աֆղանական պատերազմի վետերան Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) անհրաժեշտության դեպքում անպայման պետք է միջամտեն Տաջիկստան-Աֆղանստան սահմանին ստեղծված իրավիճակին և պաշտպանեն ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի սահմանները Աֆղանստանում ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո առաջացած անկայունությունից: Իսկ եթե որոշում ընդունվի ռազմական օգնություն ցուցաբերել ՀԱՊԿ անդամ պետությանը՝ Հայաստանը, անկախ ամեն ինչից, պիտի կատարի ՀԱՊԿ-ի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տեր-Գրիգորյանցը մեկնաբանեց թեմային առնչվող հարցերը՝ հիշելով իր ռազմական փորձը Աֆղանստանում և ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը համեմատելով 1980-ականների շրջանի հետ:

«Հարձակումը Տաջիկստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա: Տաջիկական ուղղությամբ այժմ ամենաբարձր կարգի թշնամիներ են: Նկատի ունեմ թե՛ թալիբներին և թե՛ «Իսլամական պետությանը»: Սա շատ լուրջ թշնամի է: Եվ եթե նրանք ներթափանցեն Տաջիկստան՝ հարվածը Ռուսաստանի թիկունքից անխուսափելի է», - ասաց գեներալը:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ դիրք պիտի բռնի Հայաստանը, եթե ՀԱՊԿ-ի շրջանակներում որոշվի ռազմական օգնություն ցույց տալ Տաջիկստանին, Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծիք հայտնեց, որ ինչ էլ լինի՝ Հայաստանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները «առանց որևէ մեկից նեղանալու»:

«Եթե անհրաժեշտ լինի՝ Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները: Բայց, կարծում եմ, բանը դրան չի հասնի, քանի որ Տաջիկստանում հսկայական քանակով ռուսական զորքեր կան», - նշեց մեր զրուցակիցը:

Հուլիսի 5-ին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը որոշում է ստորագրել Աֆղանստանի հետ սահմանի պահպանության նպատակով պահեստազորի մոտ 20 հազար զինծառայողի մոբիլիզացնելու մասին:

Այս շաբաթ Տաջիկստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին՝ Աֆղանստանի հետ իր սահմանը պաշտպանելու հարցում օգնության համար:

Հուլիսի 7-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի ստանձնած պարտավորությունները ուժի մեջ են: Նա ասել է, որ Մոսկվան ուշադրությամբ հետևում է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ է օգտագործել Տաջիկստանում գտնվող իր ռազմաբազայի հնարավորությունները՝ ՀԱՊԿ իր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար՝ կապված Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ:

Նմանատիպ նյութեր