211652_close_icon
views-count1900 դիտում article-date 17:52 07-07-2021

Արմեն Չարչյանի գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին

slaq.am-ը գրում է. Երեկ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ գլխավոր դատախազությունում հաստատել են «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին նկատմամբ հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացությունը ու այն ուղարկել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ գործն Առաջին ատյանի դատարանը ստացել է երեկ և մակագրվել է Ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահե Միսակյանին: Դատական նիստի օրը դեռևս նշանակված չէ:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով «Իզմիրլյան» ԲԿ-ի գործադիր տնօրեն, «օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին»:

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Չարչյանի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց կալանավորումը, որի դեմ Չարչյանի պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ հուլիսի 8-ին:

Նմանատիպ նյութեր