20 տարի անց Հայաստանում կրկին ելույթ ունեցավ աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին
«Ռավեննա» փառատոնի շրջանակում հուլիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հայ-իտալական աննախադեպ համերգային երեկո, որը երաժշտասերները դեռ երկար կհիշեն: Քսան տարի անց Հայաստան էր ժամանել մեր ժամանակների ամենաականավոր դիրիժորներից մեկը՝ Ռիկարդո Մուտին, որը ղեկավարեց երեկոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկան մենակատարներ սոպրանո Նինա Մինասյանը, տենոր Ջովաննի Սալան, բարիտոն Գուրգեն Բավեյանը և երգեհոնահար Դավիդե Կավալին: Համերգին ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային երգչախումբը գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:
Երեկոյին հնչեցին Ֆ. Յ. Հայդնի, Վ. Ա. Մոցարտի, Ֆ. Շուբերտի ստեղծագործությունները, ինչպես նաև Տիգրան Մանսուրյանի «Քավարան» գործը՝ գրված Ռավեննայի փառատոնի պատվերով` Դանթե Ալիգերիի 700-ամյա տարելիցի կապակցությամբ:
2021 թվականին Իտալիայում նշվում է Դանթե Ալիգերիի մահվան 700-ամյա տարելիցը, և «Ռավեննա» փառատոնի միջոցառումները նվիրվում են այդ իրադարձությանը: Երևանում տեղի ունեցած համերգից ընդամենը երեք օր առաջ՝ հուլիսի մեկին, նույն համերգը նույն ծրագրով ներկայացվել էր Ռավեննայում: Մի քանի օրվա ընթացքում երկու հայ-իտալական խոշոր համերգային երեկո է անցկացվել, որոնց չկարողացավ խոչընդոտել ո՛չ տարածությունը, ո՛չ սահմանափակումները՝ պայմանավորված համավարակով:
Մանրամասներն՝ այստեղ