211652_close_icon
views-count4924 դիտում article-date 17:28 05-07-2021

Բավական է բժիշկներին մեղավոր նշանակել. բժշկական կենտրոնից հերքում են

Հերքում․ բավական է բժիշկներին մեղավոր նշանակել.

SHAMSHYAN.com-ում սույն թվականի հուլիսի 4-ին հրապարակվել է «Ողբերգական դեպք Երևանում. 8 ամսական հղի կնոջ հարազատներն ասում են. «Եկանք ընգանք էս հանրապետական ծննդատան ղասաբների ձեռքը, երեխու գլուխը կերան»» վերնագրով հոդվածը, որտեղ տուժածի հարազատները խեղաթյուրված, իրականությանը չհամապատասխանող փաստեր են ներկայացրել կայքին՝ մոլորության մեջ գցելով բազմահազար ընթերցողներին։

Պարզաբանում ենք․ 1․ «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»-ն իր տեխնիկական և մասնագիտական կապիտալով դասվում է ամենաբարձրակարգ՝ 3-րդ կարգի ծննդատան դասին և կարիք չունի դրսից հրավիրելու մասնագետներ բժշկական որևէ միջամտության համար։

Հիշյալ հոդվածն ապատեղեկատվություն է տարածում՝ նշելով, թե «ուրիշ հիվանդանոցից բժիշկ են կանչել», և այդ «ուրիշը» իբր հետին թվով խորհուրդներ է տվել հարազատներին, թե ինչպես պետք էր մոր կյանքից բացի, փրկել նաև երեխայի կյանքը։

Պաշտոնապես հերքում ենք, որ այս գործին միջամտել է այլ հաստատությունից հրավիրված մասնագետ․ ծննդկանի կյանքը փրկած բոլոր բժիշկները մեր ինստիտուտից են, և եթե այս մասին իմանային հարազատները, միգուցե հարկ չէր լինի հայհոյանքների ուղեկցությամբ ջարդուխուրդ անել հղի կնոջ կյանքը փրկած բժիշկների ընդունարանի դուռը։

2․Հարազատների այն պնդումները, թե պետք էր շտապ դիմել կեսարյան հատման, առնվազն՝ ոչ մասնագիտական է և զուրկ՝ որևէ հիմքից։

Բավական է ուսումնասիրել հղիի բազմակողմանի հետազոտությունների արդյունքները և պարզ կդառնա, որ այդպիսի միջամտության համար չի գրանցվել գոնե մեկ ցուցում։ Նույնքան անհեթեթ է այն պնդումը, թե «23-ամյա Կիմա Ս.-ին սխալ բուժում և սխալ դեղորայք են նշանակել»։

Մեր գրանցամատյաններում սրբորեն պահպանվում է ամեն մի ծննդկանի պատմությունը , և մենք տասնամյակներ անց էլ կարող ենք փաստարկել բժշկի ամեն մի նշանակում, ուստի նման գնահատականները, ուղղակի, անհիմն են։ Մենք հասկանում ենք հղի կնոջ և նրա հարազատների ցավը, նրանց նյարդային գերլարված վիճակը, բայց հավատացնում ենք, մեր բուժանձակազմն արել է ոչ միայն հնարավորինը, այլև՝ անհնարը՝ փրկելով երիտասարդ մոր կյանքը, և երաշխավորում է, որ այսօր նրա օրգանիզմը պատրաստ է առողջ վերարտադրության։

ՎԱՊՄԳՀԻ հանրային կապերի բաժին

 

Նմանատիպ նյութեր