211652_close_icon
views-count1786 դիտում article-date 15:30 29-06-2021

ԵԽԽՎ պատվիրակության անդամ. Բաքուն կքննարկի գերիների վերադարձը տարածքային ամբողջականության ճանաչման դեպքում

Ստրասբուրգում ես 40 րոպեանոց զրույց եմ ունեցել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ։ Քննարկվել է ռազմագերիների հարցը, եւ իմ բոլոր փաստարկներին, որ Ադրբեջանում գտնվող հայերը ռազմագերիներ են, եւ որ Բաքուն խախտում է միջազգային իրավունքը, ռազմագերիների վերաբերյալ Ժնեւյան երրորդ կոնվենցիան, որ Ադրբեջանում, ըստ էության, թքել են անցած տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա, Սեիդովը պատասխանում էր, որ Ադրբեջանում ոչ մի ռազմագերի չկա։ Այս մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հեռացող խորհրդարանի պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նորից խոսակցություն սկսեց այն մասին, որ Բաքվում գտնվող հայերը «ահաբեկիչներ» են, քանի որ իբր կատարել են «ահաբեկչական գործողություններ» Ադրբեջանի տարածքում։

«Նա ինչ-որ զառանցանք էր դուրս տալիս ու հանկարծ հայտարարեց, որ մենք իրենց խաբել ենք։ Նրա խոսքով՝ Աղդամի շրջանում 97 հազար ականների մասին նրանց հանձնված քարտեզները ընդամենը 50 տոկոսով են համապատասխանում իրականությանը, իսկ մնացածը ֆեյք է»,- ասաց Զոհրաբյանը։

Այնուամենայնիվ, ինչպես նշեց խորհրդարանականը, Սեիդովն ասել է, որ Բաքուն որպես բարի կամքի ժեստ պատրաստ է քննարկել հայ գերիների հնարավոր վերադարձի հարցը, բայց միայն եթե Հայաստանի իշխանությունները ստորագրեն համաձայնագիր եւ ճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որտեղ կներգրավվի Լեռնային Ղարաբաղի տարածքների 75 տոկոսը, որոնք զավթվեցին 44-օրյա պատերազմի ընթացքում։ «Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ռազմագերիների մասին պետք է մոռանալ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ մեջբերելով ադրբեջանական պատվիրակության ղեկավարի խոսքերը։ Ընդ որում՝ նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ հայկական կողմը ոչ մի ադրբեջանցի ռազմագերի չունի։

Վերոնշյալի առնչությամբ քաղաքական գործիչը կոչ արեց եվրոպացիներին պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանի նախագահի ընտանիքի անդամների, մասնավորապես՝ նրանց բանկային հաշիվների վրա։

Նա նաեւ մեկնաբանեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որն ավելի վաղ առաջարկել էր Ադրբեջանում անօրինաբար պահվող հայ գերիներին դիմանալ եւս երկու ամիս։ «Ես խոսել եմ հայրենիք վերադարձած 15 տղաներից շատերի հետ։ Երբ ասում են՝ թող երկու ամիս էլ սպասեն, տղաները պատասխանում են. «Մենք ամեն օր պառկում էինք քնելու ու մտածում էինք՝ Աստված, այնպես արա, որ մենք չմեռնենք»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը։

Նմանատիպ նյութեր