211652_close_icon
views-count5471 դիտում article-date 13:37 27-06-2021

Մամ, հիշիր, ես զինվորական երդումն ուղղակի չեմ կարդացել, ես երդվել եմ ու անձնվիրաբար ծառայելու եմ հայրենիքիս, իմ կյանքը տալու եմ հայրենիքիս. նահատակված 19-ամյա Խորեն Հաջաթյանի մասին պատմում է մայրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պատերազմի ընթացքում ինձ զանգեց, նեղված էր, ասացի՝   Խորեն ջան, ի՞նչ է եղել, ասաց՝ մամ ջան, տարիքով մարդիկ են, դեպի թուրքի սահմանն են վազում, ու լսում էի, թե ոնց է կանչում ու ասում՝ հետ եկեք, թուրքի սահմանն եք անցնում: Ասացի՝ եթե այդքան լավ գիտես սահմանը, գիտես, թե որ մասից կարող ես դուրս գալ, ինչի՞ չես փախնում, ասաց՝ մամ ջան, հիշիր, ես զինվորական երդումն ուղղակի չեմ կարդացել, ես երդվել եմ ու ես անձնվիրաբար ծառայելու եմ հայրենիքիս, իմ կյանքը տալու եմ հայրենիքիս:

44-օրյա Արցախյան պատերզմի ժամանակ հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված 19-ամյա զինծառայող Խորեն Հաջաթյանի մասին Tert.am-ին պատմել է հերոսի մայր Ասյա Սահակյանը:

Մայրը պատմում է, որ Խորենը դեռ Թալինում ապրած տարիներին սովորում էի Գեղարվեստի դպրոցում, Երևան տեղափոխվելուց հետո ընդունվել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, փոխադրվել է երրորդ կուրս, որից հետո արդեն պետք է բանակ գնար: «Կար տարբերակ, որ նա ավարտի քոլեջը, հետո գնա բանակ, սակայն նա հրաժարվեց, ասաց՝ չէ, ես պիտի իմ պարտքը ժամանակին կատարեմ»:
 

Հերոսն աչքի էր ընկնում իր բարությամբ, հոգատարության, ընկերասիրությամբ, հարգում էր մեծերին: «Երազում էր, որ բանակից գա ո ւ Ճարտարապետականում սովորի, նպատակները գծել էր, շատ երազանքներ կիսատ մնացին, չգիտեմ՝ ով է մեղավոր, բայց մեղավորները պատժվելու են»:

«Բանակ մեկնելիս՝ երբ պետք է որոշվեր, թե որտեղ պետք է ծառայի, հրաժարվել էր վեց ամիս Հայաստանում ծառայելուց ու ասել, որ պիտի Արցախ մեկնի: Սկզբում Մարտունի 2-ում էր, դեռ տասն օրվա ծառայող էր, ուրախ զանգեց, ասաց՝ մամ ջան, գիտե՞ս, ինձ քարտեզները թարմացնելու գործն են վստահել: Խորենիս ծառայությունը շատ լավ էր անցնում, ես էլ հպարտ էի, որ զորամասում բոլորն ասում էին՝ մեր նկարիչ Խորոն է, եթե չենք տեսել, ապա հաստատ լսել ենք նրա մասին»,-պատմում է մայրը:

Խորենն անգամ պատերազմի թեժ օրերին չի թողել, որ մայրն անհանգստանա, ասում էր, որ ամեն ինչ լավ է, չի վախենում, մտահոգվելու ոչինչ չկա: «Միշտ զանգում էր, չէր թողնում, որ լռությունից մտահոգվեմ, ասում էր՝ պատերազմն ինձնից շատ հեռու է, ես պարզապես դիրքեր եմ պահում, բայց իրականում այդպես հնարավոր չէր, որովհետև Ջաբրայիլում է եղել, զինակիցներին հանել է շրջափակումից, հետո իրենք են ընկնել շրջափակման մեջ երեք օր: Եղել է դեպք, երբ մոլորվել էին, զանգեց, ասաց՝ մամ, չմտածես, մեր հողը չենք տա թշնամուն, բայց խնդրում եմ, որ աղոթես: Նրա հետ խոսելիս՝ միայն այս խոսակցությունն էր, որ հիշեցրեց Խորենը պատերազմի մեջ է, մնացյալ դեպքերում միշտ այնպես էր խոսում, որ չանհանգստանամ, չմտածեմ»:
 

Վերջին անգամ հոկտեմբերի 22-ի առավոտյան, ասաց՝ մամ, լավ եմ, ասացի՝ բալես, ինչի՞ երկար չես խոսում, ասաց՝ ինձ նման շատ զինվորներ կան ու քեզ նման շատ մամաներ կան, որ սպասում են իրենց երեխեքի զանգերին: Դրանից հետո, երեկոյան հայրիկի հետ է խոսել, ընկերների ներկայացմամբ՝ թեժ կռվի ժամանակ, հավանաբար զանգել է հայրիկին, որ հրաժեշտ տա: Խորենը զոհվել է այն ժամանակ, երբ որոշել էր ընկերոջ հետ հանգստանալ իրենց փորած ապաստարանում, որից հետո թշնամու զարկից ապաստարանը փլվել է ու Խորենն ընկերոջ հետ խեղդամահ է եղել:

«Ընկերները զանգեցին, ասացին՝ գիտեինք, որ Խորենի զանգին եք սպասում, բայց Խորենն այլևս մեզ հետ չէ: Դեպքը եղել է հոկտեմբերի 23-ին, Ֆիզուլիում, բայց նրա մարմինը մեզ են հանձնել նոյեմբերին»,-ասում է տիկին Ասյան:

Պատերազմի նման ավարտի մասին մայրը չի էլ պատկերացնում, թե Խորենը ողջ լինելու դեպքում ինչ կասեր, քանի որ որդին դեռ Ապրիլյան պատերազմի ժամանակ անչափահաս լինելով՝ ասում էր, որ կգնա ու գոնե ինչ-որ հարցերում կօգնի: «Հայրենասիրությունը շատ բարձր մակարդակում էր ու ես աղոթում էի, որ հանկարծ պատերազմ չլինի, որովհետև առաջինը Խորենը կգնար: Այս պատերազմի ժամանակ էլ ասում էր, որ մենք այլ տարբերակ չունենք ու հաղթելու ենք: Ես էլ նրան էի ոգևորում, երբ ասում էր, թե հակառակորդը դիրք է գրավել, ասում էի՝ հաստատ հետ եք բերելու: Ինքը չէր հաշտվի այս ամենի հետ, ինքը միշտ սիրում էր հաղթող լինել, ես էլ չեմ հաշտվում, որ և՛ տղերքը չկան և՛ պարտված ենք, որ գոնե հաղթեինք, կասեինք՝ հաղթել ենք ու մեր տղաներն են մասնակցել այդ պատերազմին»:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր