211652_close_icon
views-count2767 դիտում article-date 17:43 26-06-2021

Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով առաջացած վերքերը դեռ բաց են. Ավստրիայի ԱԳ նախարար

Հարավային Կովկասի տարածաշրջանն այս պահին հասարակությունների միջև վստահության մեծ կարիք ունի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը:

Նա անդրադարձավ Երևանում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներին ու դրանց ընթացքում ունեցած ինտենսիվ քննարկումներին:

«Մեր նպատակն էր՝ հասկանալ, թե ինչ միջոցներով է հնարավոր կառուցել վստահություն: Այս այցը վերահաստատեց այն, ինչ մենք արդեն գիտեինք՝ վստահությունն ամենակարևոր ռեսուրսն է, որի կարիքն ունի տարածաշրջանը և որի պակասը կա: Մեր նպատակն է ցանել այդ վստահության սերմերը: Գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով առաջացած վերքերը դեռ բաց են, սակայն մենք կարիք ունենք ապաքինման գործընթացի: Այս այցը ցույց տվեց, որ կողմերը գիտակցում են, որ այդ գործընթացի կարիքն իսկապես կա, և նրանք ունեն գործընկերների կարիք այս գործընթացը սկսելու համար: Եվրամիությունը պատրաստ է հնարավոր ամեն ձևով աջակցել»,- ասաց Շալլենբերգը:

Նա նշեց, որ իրենք բարձր են գնահատում այս հարցում Վրաստանի դերակատարումը, որի միջնորդությամբ հնարավոր դարձավ Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումն ու Հայաստանի կողմից ականապատված տարածքների քարտեզների հանձնումը:

«Կարծում եմ՝ այս եռակողմ համագործակցությունը շահեկան է բոլոր կողմերի համար»,- ասաց Ավստրիայի ԱԳ նախարարը՝ նշելով, որ ԵՄ-ն լիարժեքորեն սատարում է նման գործընթացներին:

Նմանատիպ նյութեր