211652_close_icon
views-count3563 դիտում article-date 14:55 24-06-2021

Գեղարքունիքում անասնակերի բերքահավաքը սկսվել է շատ ցածր արդյունքներով

Արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել է անասնակերի բերքահավաքը, ընդ որում, բավականին ցածր արդյունքներով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքապետարաններից, անասնակերի բերքահավաքը սկսվել է ցանովի խոտհարքերում, ժամանակից ավելի շուտ, քանի որ տեւական ու ահագնացող երաշտի հետեւանքով եղած անասնակերն ավելի է պակասում ու որակազրկվում։  

«Շատ ծանր վիճակ է առաջացել արոտներում, ցանովի ու բնական խոտհարքերում։ Բուսականությունը վառվել է, կանաչ տարածքները վերացել են, աղբյուրները, առուներն ու գետակները՝ ցամաքել։ Ցանովի խոտհարքերում մարդիկ հարկադրաբար ավելի վաղ են սկսել բերքահավաքը, քանի որ յուրաքանչյուր օրվա հետ նրանք կորցնելու են թե քանակի, թե որակի մեջ։ Նախորդ տարիների համեմատ արդյունքները մի քանի անգամ պակաս են։ Մեր համայնքում ունենք 215 հեկտար բազմամյա ցանովի խոտաբույսեր, որտեղ բերքահավաքը կավարտվի մի քանի օրերի ընթացքում։ Բնական խոտհարքերից արդեն գրեթե սպասելիք չունենք, մարդիկ տագնապած են այն մտքից, որ անասունների ձմեռացման համար բավարար անասնակեր չեն կարողանալու ապահովել։ Շատ դժվար գյուղատնտեսական տարի ենք անցկացնում»,-նշեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։ Նույն իրավիճակը ներկայացրին Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի, Շողակաթի, Գեղամասարի համայնքապետարաններից:

Նմանատիպ նյութեր