211652_close_icon
views-count17481 դիտում article-date 21:34 21-06-2021

Մոտ օրերս ռուս զինվորականները կհաստատվեն Գեղարքունիքում. Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզում մոտ օրերս կտեղակայվեն ռուս զինվորականներ։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Հիմա սահմանային իրավիճակը նույնն է, բայց շարունակվում են եռակողմ բանակցություններ։ Մոտ օրերս կունենանք փոփոխություններ՝ ռուս գործընկերներն իրենց ներկայությունը կհաստատեն այնտեղ, որոշակի գործընթացը կշարունակվի», - ասել է նա։

Սանոսյանը հստակեցրել է, որ ինքը անձամբ չկա բանակցողների մեջ, սակայն տեղյակ է գործընթացից։

«Բանակցություններ են տարվում, որ երկու կողմն էլ հետ քաշվեն՝ և՛ մերոնք, և՛ նրանք։ Այս պայթյունավտանգ իրավիճակում դա բավականին լավ լուծում է, որ չունենանք ծեծկռտուք, կրակոցներ, միջադեպեր: Երկու կողմն էլ հետ կքաշվեն, սահմանին կայունություն կունենանք, որից հետո մնացած գործընթացները կշարունակվեն», - ասել է Սանոսյանը։

Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցություններն արդյունք չտան։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել է զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Նմանատիպ նյութեր