211652_close_icon
views-count64005 դիտում article-date 17:50 15-06-2021

Գեղանիստի դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են, քանի որ նրա ամուսինը սատարում է Քոչարյանի դաշինքին. Aravot.am

Aravot.am-ին  էր ահազանգել  Շիրակի մարզի Գեղանիստ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Ղազարյանը՝ պատմելով, որ իրեն հունիսի 11-ին անակնկալ ձևով ազատել են աշխատանքից։

Կարինե Ղազարյանն այդ օրը ժամը 16․30-ին դիմում է ներկայացրել արձակուրդ գնալու, սակայն մեկ ժամ անց զանգահարել են իրեն  Շիրակի մարզպետարանի կադրերի բաժնից ու տեղեկացրել, որ ազատված է աշխատանքից։

«Քանի որ ես գյուղում եմ ապրում, ինձ այդ օրը  էլեկտրոնային տարբերակով  ուղարկեցին աշխատանքից ազատման մասին մարզպետի որոշումը, բացում եմ, կարդում եմ ու տեսնում անվստահության կետը։ Ի՞նչ անվստահության մասին է խոսքը, երբ ես դպրոց եմ շենացրել։ Դպրոցը ես ընդունել եմ քարուքանդ վիճակում, իմ աշխատանքային չորս տարիների ընթացքում բարերարների եմ  ներգրավել դպրոցի վերանորոգման աշխատանքներում, ճաշարանն, ամբողջ դասասենյակները՝ եվրոպատուհաններով, բարձր որակի դռներով, վերանորոգել եմ։ Հինգ դասասենյակ ամբողջովին հիմնանորոգել եմ, աշակերտական սեղան-աթոռներ, համակարգիչներ եմ ձեռք բերել։ Բոլոր աշխատանքները կատարել եմ բարերարների ֆինանսական միջոցներով, այս ամենը կազմակերպել եմ առանց պետական միջոցների։

Քանի անգամ եմ դիմել մարզպետին, որպեսզի ուշադրություն դարձնի դպրոցի վերանորոգման աշխատանքներին, հիմնականում պատճառաբանել են՝ ֆինանսական միջոցներ չունեմ։ Ես կարողացել եմ բարերարների ներգրավել այդ աշխատանքում, իսկ բարերար ներգրավելը բավական ծանր աշխատանք է, պետք է այնպիսի աշխատանք կատարես, որ քեզ վստահեն։ Եվ այդ վստահությունը ես ձեռք եմ բերել ու հիմա առանց հիմնավորման՝ մեկ ժամվա ընթացքում անվստահություն են հայտնո՞ւմ տնօրենին ու ազատո՞ւմ աշխատանքից»,-ասում է Կարինե Ղազարյանը։

Վերջինս վստահեցնում, է, որ ինքը քաղաքականությամբ ընդհանրապես չի զբաղվում, կուսակցական չէ,  իսկ աշխատավայրում քաղաքական թեմաներով քննարկումներ չի թույլատրում։ «Իմ ամուսինը ՀՅԴ անդամ է, «Հայաստան» դաշինքի անդամ է։  Ես պաշտպանելու եմ իմ իրավունքները․ մարզպետի անօրինական որոշման դեմ բողոքարկումն արդեն ընթացքի մեջ է։ Նման որոշումն անակնկալ էր, ես շոկի մեջ  եմ, ես որևէ խախտում թույլ չեմ տվել, ի նպաստ դպրոցի եմ աշխատել »,- ասում է մեր զրուցակիցը։

Նմանատիպ նյութեր