211652_close_icon
views-count1672 դիտում article-date 18:49 14-06-2021

Գագիկ Ծառուկյանը  ընդառաջեց մեզ ու մեր նշած  բոլոր հարցերին լիակատար լուծում տվեց. Հակոբ Սերոբյան

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն  շարունակում է աջակցել հավաքականներին և առանձին մարզիկներին: Տոկիոյի խաղերում հաջողության հասնելու նպատակով,  ՀԱՕԿ –ը, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանի համար, 21-օրյա ուսումնամարզական հավաք  է կազմակերպում  Վրաստանի մայրաքաղաքում:

-Ինչպես միշտ, այս անգամ էլ ՀԱՕԿ – ի նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանը  ընդառաջեց մեզ ու մեր նշած  բոլոր հարցերին լիակատար լուծում տվեց, - զրույցի ժամանակ ասաց սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային  բարձրագույն կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը: - Թբիլիսիում մարզումային  պայմանները գերազանց են և  նպատակ ունենք  որոշակիորեն բարդացնել Տոկիոյի խաղերում մեր երկրի միակ մասնակից Արթուր Դավթյանի ծրագիրը՝ հենացատկում և նժույգթափում: Եթե խաղեր ենք մեկնում, ուրեմն պետք է պայքարենք  հաջողության հասնելու  համար: Իհարկե դժվարին խնդիր ենք դրել մեր առջև ու ցանկանում ենք դրական լուծում տալ: Քանի որ ես ընդգրկված եմ խաղերի մրցավարական հանձնախմբում, ուստի մեզ հետ հավաքի կմասնակցի նաև մարզիչ Հայկ Նազարյանը: Նա նաև Տոկիոյում մրցաբեմ կուղեկցի Արթուրին:

Տեղեկացանք, որ նշված եռյակից բացի, թբիլիսյան մարզումներին կմասնակցեն նաև բազմափորձ մասնագետ Աշոտ Գասպարյանը,  խոստումնալից մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանը,Գագիկ խաչիկյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը:

Մեր պատվիրակությունը նախապատրաստական հավաքի կմեկնի հունիսի 20 –ին: Հայրենիք վերադառնալուց հետո, մինչ Ճապոնիա մեկնելը,    պարապմունքները կշարունակվեն Ազարյանի անվան մարզադպրոցում:

Նմանատիպ նյութեր