211652_close_icon
views-count1287 դիտում article-date 19:22 14-06-2021

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: 

Շնորհավորելով և իր բարեմաղթանքները բերելով դեսպանին նշանակման առիթով՝ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման շրջանում հայ-իտալական բարեկամական փոխհարաբերություններն էլ ավելի կզարգանան ու կարդյունավորվեն նորանոր համատեղ իրագործումներով:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական առնչություններին, որոնց համար բոլոր ժամանակներում ամուր հիմք են հանդիսացել քրիստոնեական հավատը և դավանվող նույն արժեհամակարգը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսեց նաև Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա ջերմ հարաբերությունների և սոցիալական ու կրթական սերտ գործակցության մասին։

Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետն Իտալիայի դեսպանին ներկայացրեց իր մտահոգությունները Հայաստանի սահմանների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունների, ռազմագերիներին ազատ չարձակելու, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում Հայոց Եկեղեցու հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորվող ոչնչացման և յուրացման քաղաքականության առնչությամբ։ Առկա խնդիրների հաղթահարման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց միջազգային հանրության և բարեկամ երկրների ջանքերը։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր