Դուք խելոք, հանգիստ հունիսի 21-ին գնալու եք ձեր տներով ու բաբայիկ անեք». Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am
Քաղաքական ուժեր կան, որ ասում են՝ եթե ամսի 20-ին չհաղթենք, մենք հետընտրական գործընթաց ենք անելու, մենք ասում ենք, որ եթե մենք հունիսի 20-ին չհաղթենք, նշանակում է, որ ժողովուրդը որոշել է, որ չպիտի հաղթենք։
Այս մասին Գեղարքունիքում քարոզարշավի ընթացքում հայտարարեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Tert.am-ը:
«Ուրեմն մեռնենք ժողովրդի որոշմանը, այդտեղ ի՞նչ թեմա կա։ Մենք ասում ենք՝ հնազանդ ենք ժողովրդի կայացրած ցանկացած որոշման, եթե ժողովուրդը որոշի, որ մենք պետք է գնանք, կգնանք, եթե ժողովուրդը որոշի, որ պետք է մնանք, մենք կմնանք»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ ուժեր կան, որ ասում են, թե անկախ նրանից ժողովուրդն ինչ կորոշի, իրենք գալու են։
«Դուք ո՞ւր եք գալու։ Դուք գալու տեղ չունեք, եթե ժողովուրդը որոշի, ուրեմն դուք հունիսի 21-ին խելոք հանգիստ գնալու եք ձեր տներով և բաբայիկ եք անելու, հանգստանալու եք այս ընտրական պայքարից»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։