211652_close_icon
views-count1287 դիտում article-date 20:26 11-06-2021

Մայր Աթոռում տեղի է ունեցել արխիվային վավերագրերի ու նյութերի ցուցահանդեսի բացում և «Խորհրդային Հայաստան 100. Եկեղեցին և Պետությունը» խորագրով գիտաժողով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախաձեռնությամբ Մայր Աթոռի Արխիվի և աջակցությամբ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տեղի ունեցավ արխիվային վավերագրերի ու նյութերի ցուցահանդեսի բացում և «Խորհրդային Հայաստան 100. Եկեղեցին և Պետությունը» խորագրով գիտաժողով:

Ցուցահանդեսին ներկայացված էին գիտաժողովի թեմային առնչվող արխիվային վավերագրեր, նյութեր, գրքեր, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի կտավներից մեկը՝ որպես Խորհրդային Հայաստանի գեղարվեստի տիպական ստեղծագործություն:

Գիտաժողովը սկսվեց Տերունական աղոթքով և Մայր Աթոռի Արխիվի և  թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանի բացման խոսքով: Ներկաներին ողջունեցին նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար դոկտոր Թոմաս Շրափելն ու Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Գիտաժողովի առաջին մասում, որ կրում էր «Խորհրդայնացումից ազգային պետություն» վերնագիրը, բանախոսություններով հանդես եկան պ․գ․թ․Ավագ Հարությունյանը («Կրոնական քաղաքականությունը Խորհրդային Հայաստանում 1920-1930-ական թվականներին»), պ․գ․դ․ Ամատունի Վիրաբյանը («Խորհրդային Հայաստանի ղեկավարները և նրանց վերաբերմունքը Եկեղեցու նկատմամբ 1920-1930-ական թվականներին»), պ․գ․թ․ Գոհար Ավագյանը («ՀԽՍՀ-ում Եկեղեցու և այլ կառույցների գործունեությունն ի նպաստ Հայրենիք-Սփյուռք կապերի հաստատման (1921-1945 թթ․)») և Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Տ․ Արարատ քահանա Պողոսյանը («Խորհրդային Միությունում հայկական եկեղեցիների վերաբացման հարցը 1945-1960 թթ․»)։

 Գիտաժողովի «Ազգային զարթոնքից Անկախություն» վերնագիրն ունեցող երկրորդ հատվածում զեկույցներ ներկայացրեցին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ․գ․դ․, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը («Ազգային վերածնունդը և Հայ Եկեղեցին 1960-ական թթ․»), արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը («Խորհրդային Հայաստանի արվեստը և մշակույթը»), Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը («1920 թ․ պատմական կոմպրոմիսը») և «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն, պ․գ․թ․ Արամ Անանյանը («Պատմության վերաիմաստավորումը․ Խորհրդային Հայաստանի պատմության ուսումնասիրությունը ներկայի համապատկերում»)։
 Զեկուցումների ավարտին ներկայացված նյութերի շուրջ տեղի ունեցան քննարկումներ:
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր