211652_close_icon
views-count4663 դիտում article-date 21:46 10-06-2021

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ նախարարությունում

Հունիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հանդիպում ունեցավ ՀՀ ԱԳ նախարարությունում: 

Հանդիպման ընթացքում ՀՀ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հատուկ անդրադարձ կատարվեց ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձմանը, ինչպես նաև` Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին:

Երկուստեք վերահաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի առանցքային դերակատարության շարունակականությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Կարևորվեց առաջացած հումանիտար հարցերի հասցեագրումը և Արցախ միջազգային մարդասիրական օգնության անարգել մուտքը:

Ամերիկյան կողմն ընդգծեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի լարվածության թուլացման անհրաժեշտությունը` վերահաստատելով ԱՄՆ պետքարտուղարության մայիսի 27-ի հայտարարությամբ ամրագրված դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր։

Մտքեր փոխանակվեցին նաև մարդու իրավունքների պաշտպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շուրջ: Ընդգծվեց Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը՝ որպես ապագայում նման հանցագործությունները կանխարգելելու գործուն միջոց:

Քննարկվեցին նաև ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձևաչափում իրականացվող հետագա աշխատանքները:

 

Նմանատիպ նյութեր