211652_close_icon
views-count1575 դիտում article-date 20:09 05-06-2021

Տաջիկստանն ու Ղրղզստանը պայմանավորվել են հետ քաշել զորքերը սահմաններից և խնդիրները լուծել բացառապես խաղաղ եղանակով

Ղրղզստանը և Տաջիկստանը պայմանավորվել են խաղաղ եղանակով կարգավորել ընդհանուր սահմանին ստեղծված իրավիճակը և հետ քաշել այնտեղից բոլոր ստորաբաժանումները, բացի սահմանապահ ջոկերից: Այս մասին ասվում է երկրների պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով համատեղ պետական հանձնաժողովի հանդիպման արդյունքում ստորագրված արձանագրության մեջ: Հայտնում է tass.ru-ն։

Նշվում է, որ հանձնաժողովի համանախագահները՝ Ղրղզստանի և Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարները, քննարկել են «Կարամիկ» սահմանային անցակետի մոտ տիրող իրավիճակը և «միաձայն հայտնել են, որ բոլոր խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ եղանակով»:

Վերջիններիս ստորագրած արձանագրությամբ նախատեսվում է յուրաքանչյուր կողմից սահմանային դիրքերը 3 կմ հետ քաշել դեպի խորք, ինչպես նաև հետ քաշել զորքերը և զինվորական սարքավորումները, թողնել միայն սահմանապահ ջոկերը:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին երկու երկրի միջև սրվել էր սահմանային հակամարտությունը, որը հաջորդ օրը վերաճել էր զինված բախման: Բախումների հետևանքով երկու կողմից տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ են գրանցվել:

Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանի երկրությունը կազմում է 980 կմ: Խորհրդային Միության փլուզումից հետո սահմանին տասնյակ վիճարկելի հատվածներ են ի հայտ եկել:

Նմանատիպ նյութեր