211652_close_icon
views-count1863 դիտում article-date 09:54 05-06-2021

Ականի պայթյուններ ռազմավարական նշանակությամբ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի Քարվաճառի շրջանում երեկ առավոտյան ականի վրա պայթել է Ադրբեջանի ՊՆ «Կամազ» տեսակի ավտոմեքենան։ Պայթյունի հետեւանքով մահացել են Ադրբեջանի պետական հեռուստատեսության (AzTV) օպերատոր Սիրաջ Աբիշովը, «ԱզերԹաջ» լրատվական գործակալության թղթակից Մահարամ Իբրահիմովը եւ մեկ պաշտոնյա: Ըստ Ադրբեջանի Գլխավոր դատախազության եւ ՆԳՆ-ի տեղեկատվության, 4 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ եւ հոսպիտալացվել: 

Նկատենք, որ ականի պայթյունի դեպքի վայրից մինչեւ Կութ գյուղ մոտավորապես 40-45 կմ է, եւ եթե հաշվի առնենք, որ այս օրերին Ադրբեջանի զինված ուժերի բավականին կուտակումներ կան Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերում, ապա կարող ենք ենթադրել, որ ադրբեջանցի լրագրողները հերթական սադրիչ քարոզչության եւ ապատեղեկատվություն տարածելու առաջադրանքին էին մեկնել։ 

Հայաստանի ՄԻՊ գրասենյակն այս օրերին բազմաթիվ ահազանգեր է ստանում Գեղարքունիքի մարզի գյուղերի բնակչության նկատմամբ ապօրինի գործողությունների մասին։ Չափազանց մտահոգիչ է նաեւ այն հանգամանքը, որ ադրբեջանական զինված ուժերի տիրապետության կամ վերահսկողության տակ են հայտնվել ջրային պաշարները, որոնցից ձեւավորվում են ոռոգման եւ խմելու ջրերը: Չմոռանանք, որ ջրային ռեսուրսների եւ դրանց տնօրինման համար պայքարը, դրանից բխող անվտանգային խնդիրներն առաջնային են բոլոր պետությունների համար։ «ՀՀ» օրաթերթը տարբեր առիթներով անդրադարձել է ջրային ռեսուրսների առումով Քարվաճառի շրջանի ռազմավարական նշանակությանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր