211652_close_icon
views-count1720 դիտում article-date 19:30 04-06-2021

Արտակ Բեգլարյանը խորհրդակցություն է հրավիրել պատերազմի հետևանքով անօթևան մնացած և սոցիալական այլ խմբերի ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրների լուծման շուրջ

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 4-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված 44-օրյա պատերազմի հետևանքով անօթևան մնացած և սոցիալական որոշ այլ խմբերի ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրներին:

Ընդլայնված կազմով անդրանիկ հանդիպմանը պետական նախարարը հայտարարել է տվյալ հիմնախնդրի լուծմանն ուղղված հիմնարար ծրագրի մշակման հրատապ անհրաժեշտության մասին, որով պետք է սահմանվեն շահառուների ընտրության չափանիշները, ծրագրային միջոցառումները, բնակտարածքի հատկացման պայմանները և մի շարք այլ սկզբունքային պայմաններ: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ բնակարանային խնդիրները համալիր ու համակարգային կերպով լուծելու հարցը կառավարության առաջնահերթությունների թվում է, այդ ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են ավելի վաղ: Մասնավորապես, տարբեր գերատեսչություններ իրականացնում են համապատասխան ենթածրագրեր, ընթացքի մեջ են բազմաբնակարան շենքերի ու բնակավայրերի կառուցման, բնակելի տների կառուցման, ձեռքբերման ու վերանորոգման, բնակվարձերի փոխհատուցման և պետական աջակցության այլ ծրագրեր:

«Հնարավորինս արագ պետք է մշակվի պատերազմական գործողություններով պայմանավորված խոցելի դարձած ընտանիքների՝ զոհվածների, անհայտ կորածների, առաջին կարգի հաշմանդամների, տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովվածության ծրագիրը՝ առաջիկա օրերին այն վերջնական նախագծի տեսքով ներկայացնելու գործադիրի հաստատմանը: Այդ ծրագիրը լինելու է հետագա գործընթացների հստակեցման ու արդյունավետ իրականացման համար հիմնարար փաստաթուղթը»,- նշել է պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

Պետական նախարարը շեշտել է, որ զուգահեռաբար իրականացվելու են սոցիալական մնացած խմբերին պատկանող քաղաքացիների բնակարանային պայմանների ապահովման ու բարելավման ծրագրերը, որոնց մասով պետությունը պարտավորություններ ունի այլ գործող ծրագրերի շրջանակներում:

Մի շարք սկզբունքային հարցերի շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում: Պետական նախարարը վերջում տվել է կոնկրետ հանձնարարականներ ծրագրի մշակման աշխատանքների արդյունավետ ու արագ ապահովման նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են օրենսդիր և գործադիր իշխանության պատասխանատուներ և ներկայացուցիչներ, Ստեփանակերտի քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր