211652_close_icon
views-count1761 դիտում article-date 10:19 04-06-2021

Քաղաքական ուժերը խոսում են ուրիշի արատների և ձախողումների մասին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջին շաբաթվա ընթացքում, բացի Փաշինյանին կամ Քոչարյանին անիծողներից, փողոցում ինձ սկսել են ավելի շատ հանդիպել մարդիկ, որոնք չեն ուզում իրենց ձայնը տալ այս երկուսին, եւ դա անշուշտ, դրական երեւույթ է. նշված գործիչներից ցանկացած մեկի հաղթանակն ընտրություններում կխորացնի հասարակության պառակտումն ու անկայունությունը: Բայց կա նաեւ վատ լուր. մարդիկ կարծում են, որ մնացած 24 կուսակցություններն ու դաշինքները կա՛մ Փաշինյանինն են, կա՛մ Քոչարյանինը:

Մարդիկ ընդհանրապես հակված են սխալ ընդհանրացումներ անել՝ «բոլոր լրագրողները ծախված են», «բոլոր հարուստները գող-ավազակ են», «բոլոր դասախոսները կաշառակեր են», մի խոսքով՝ «դիփունքը խափում ին ու խափում» (Գաբրիել Սունդուկյանը ճշգրիտ է նկարագրել քաղքենիական մտածողության այս առանձնահատկությունը):

Ծայրահեղ նիհիլիզմի դրսեւորումներ ես նկատել եմ իմ ողջ գիտակցական կյանքի ընթացքում, նաեւ կոմունիստների ժամանակ: Միայն 1988-90 թվականներին հայաստանցիները, կարծես, դուրս եկան անհավատության այս վիճակից, բայց հետո կրկին հիասթափվեցին ու սկսեցին ընդհանրացնել իրենց տեսած առանձին խմբերի հատկանիշները՝ «էս երկիրը երբեք երկիր չի դառնա» տխուր եզրահանգմամբ: 2018 թվականին Փաշինյանին հաջողվեց «նախկինների» հանդեպ ատելության ալիքի վրա գալ իշխանության, բայց այն ժամանակվա մթնոլորտը որեւէ կապ չունի 1988-ի «դրական» ոգեւորության հետ:

Հիմա էլ զգալի ընտրազանգված կա, որը ոչ մեկին չի հավատում: Կասեք՝ «բա հիմքեր ունեն, էնքա՜ն են էս խեղճ ժողովրդին խաբել»: Դա էլ է, ի վերջո, քաղքենիական «հոգոց». եթե չլինի խաբվելուն հակված զանգված, ոչ մի ստախոս, ոչ մի խաբեբա չի կարողանա հաջողության հասնել: Հանուն արդարության կարելի է, իհարկե, արձանագրել, որ Փաշինյանն ունի իրեն աջակցող առնվազն երկու քաղաքական ուժ՝ «Հանրապետություն» կուսակցություն եւ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինք, բայց այդ ուժերի ցուցակներում ընդգրկված գործիչները չեն էլ թաքցնում իրենց նախասիրությունները:

Մնացածի վերաբերյալ կարելի է ասել հետեւյալը. որեւէ մեկի խաղը չխաղալու բավականին խոսուն «թեսթ» կարող է լինել այս կամ այն ուժի հայտարարությունն այն մասին, որ նրանք երբեք, ոչ մի պարագայում դաշինք չեն կազմի ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի հետ: Դարձյալ կարող եք կասկածել՝ «բա որ խաբե՞ն»: Տեսականորեն բացառված չէ, բայց դա կլինի տվյալ կուսակցության քաղաքական ուղու վերջը:

Մեկ այլ չափանիշ է, երբ քաղաքական ուժի ներկայացուցիչները խոսում են ոչ թե իրենց ծրագրերի եւ տեսլականի, այլ միայն ուրիշի արատների եւ ձախողումների մասին: Օրինակ, մասնագիտանում են Քոչարյանի բազմաթիվ մեղքերը վեր հանելով: Ինչ խոսք, այդ մեղքերն անթիվ են, կարելի է հատորներ գրել, բայց երբ քարոզչությունը սահմանափակվում է ոչ թե մեր այսօրվա՛ ողբալի վիճակով, այլ անցած 30 տարվա ուղու «հետադարձ հայացքով», դա արդեն իսկ կասկածելի է:

Ստացվում է, որ չխաբվելու բազմաթիվ հնարքներ կան: Միայն թե ցանկություն լինի»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր