«Սա շարքային խուլիգանություն էր, ես երբեւէ նման լկտիություն չեմ տեսել». «Հրապարակի» լրագրողի հեռախոսը վերադարձրել են
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը վերադարձրել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անուշ Դաշտենցն՝ ընդգծելով, որ ինքը դիմել է իշխող թիմից մեկին եւ առաջարկել վերադարձնել հեռախոսը, մեկ ժամ անց լրագրողի հեռախոսը տվյալ անձի օգնականը վերադարձրել է։
«Հրապարակ» օրաթերթի լրագրողը չի դիմելու Ոստիկանություն, քանի որ վստահ է՝ գործն ընթացք չի ստանալու, իսկ հանցագործության մասին հաղորդումն էլ, ըստ էության, մամուլի հրապարակներում կա։
«Սա շարքային խուլիգանություն էր. ես 20 տարուց ավելի է այս դաշտում եմ եւ երբեւէ նման բան տեսած չկամ, անգամ նախկինում նման լկտիություն չեմ տեսել։ Ինձ հատկապես ապշեցրեց հավաքվածների ցինիզմը, երբ ես ասացի, որ կդիմեմ ոստիկանություն, իսկ նրանք հեգնեցին, թե դիմի, ով, ինչ է տեսել»,– պատմեց Անուշ Դաշտենցը՝ հավելելով, որ նրանց շարքերում հանրությանը հայտնի դեմքեր չկային։
Նշենք, որ լրագրող Անուշ Դաշտենցը տեսել է, որ ՔՊ-ականներն ու Հայկ Սարգսյանը հավաքված են Մաշտոցի պողոտայի իրենց շտաբի մոտ՝ «Կազիրյոկի» մոտ, մոտեցել եւ փորձել է հարց տալ, թե ինչպե՞ս կարող է մեկնաբանել, որ Ռուստամ Մուրադովը Մոսկվայի բանակցություններից ձեռնունայն է վերադարձել։ Հայկ Սարգսյանը ուժով խլել է հեռախոսը, փորձել է ջնջել տեսագրությունը, սակայն քանի որ հեռախոսի վրա կոդ է դրված եղել, չի կարողացել։ Ապա հեռախոսը ձեռքին նստել է մեքենան եւ հեռացել՝ ասելով, որ չի տալու։