211652_close_icon
views-count1699 դիտում article-date 18:08 03-06-2021

Արցախցի Սուրենը Գյումրիում գերազանցելով իր իսկ ռեկորդը՝ գրանցվել է Դյուցազնագրքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի Ավետարանոց գյուղից տեղահանված, Շիրակի մարզ ապաստանած յոթամյա Սուրեն Բաղդասարյանը հունիսի 1-ին գրանցվել է դյուցազնագրքում՝ կամուրջ դիրքով՝ 28 վայրկյան իրանի վրա պահելով 25 կիլոգրամանոց ծանրոցը։ Փոքրիկ դյուցազունը ծնողների՝ Սամվել և Ռոզա Բաղդասարյանների հետ շտապել էր «Ընտանիք» կենտրոն, հարազատ դարձած հանրույթի հետ կիսելու ուրախությունը։ Տղայի համար այս մարզաձևում հաջողություն ունենալը նորություն չէր, դեռևս 2014-թվականին հայրն էր ռեկորդ սահմանել՝ նույն դիրքում պահելով 172 կգ քաշը։

Ծնողները երջանիկ են զգում զավակի հաջողությամբ, անտանելի դժվարություններից հետո այս ձեռքբերումը նոր կյանքի ու պայծառ ապագայի հույս է ներշնչում նրանց։ «Շատ բան ենք թողել Ավետարանոցում,- պատմում են նրանք,- 140 խոշոր եղջերավոր անասուններ, մեկ տասնյակ ազնվացեղ ձիեր, մեծ ու կայացած տնտեսություն՝ վաստակած արդար քրտինքով։ Սակայն զգալով հյուըրնկալ ու մարդասեր Շիրակցիների աջակցությունը, որոշեցինք՝ ապրել է պետք։ Շիրակի մարզի Թորոս գյուղի հայ կաթողիկե եկեղեցու Աղաջանյան ճամբարում հանգրվանեցինք։

Մեզ աջակցության ձեռք մեկնեց «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ օգնելով ամեն հարցում՝ դրամական, անկողնային և հիգիենայի պարագաների տեսքով, կարևոր էր նաև, որ Ընտանիք կենտրոնում մեր երեխաները հաճախեցին տարբեր խմբակների, լուծվեց նրանց առօրյա զբաղվածության հարցը»։ Նշենք, որ Արցախից Շիրակի մարզ տեղափոխված ընտանիքներին աջակցելու համար «Ընտանիք» կազմակերպությունը պատերազմի հաջորդ իսկ օրը թակեց տարբեր դռներ։

Մեկնած ձեռքը սիրով ու պատրաստակամությամբ սեղմեց ֆրանսիական Œuvre d’Orient կազմակերպությունը։ Œuvre d’Orient կազմակերպության օժանդակությամբ «Ընտանիք»-ը ստանձնեց Շիրակի մարզում ժամանակավորապես հանգրվանած 36 ընտանիքի 100 շահառուների սոցիալական օժանդակության տրամադրման ծրագրի իրականացումը, նպատակ ունենալով գոնե ժամանակավորապես լուծել փախստականների կենսական հարցերը։ Չնայած ծրագրի շահառուները թվով 100-ն էին, բայց աջակցությունից օգտվում էին նաև նրանց ընտանիքի անդամները՝ ինչի շնորհիվ այդ թիվը կրկնապատկվեց՝ հասնելով 197-ի։

Արցախից տեղահանված ընտանիքների երեխաների համար սթրեսից ազատելու նպատակով ըստ նախասիրությունների կազմակերպվեց դեռահասների կրթամշակութային և հոգևոր դաստիրակությունը արհեստների և արվեստների՝ նկարչության, արծաթագործության, փայտարվեստի, ուլունքագործության, ասեղնագործության, կավագործության, պարարվեստի, վարսավիրական, համակարգչային, տիկնիկային, սպորտային և այլ մասնագիտական խմբերում։

Տարատեսակ խմբային ինտելեկտուալ և ժամանցային խաղերի,Հայաստանի պատմական վայրեր էքսկուրսիաների միջոցով ապահովվեց դեռահասների առօրյա նպատակային զբաղվածությունը՝ գոնե կարճ ժամանակով մոռացության մատնելով նրանց վատագույն հիշողություններն ու ծանր ապրումները։

Բացի այդ, արցախցի դեռահասները ձեռք բերեցին նոր ընկերներ ի դեմս հասակակից գյումրեցի դեռահասների, ովքեր բարեկամական և ընկերական կապերի ամրապնդման պատրաստակամություն դրսևորեցին հանդիպման առաջին իսկ օրվանից:

Չնայած արցախցի սաների հոգեբանական ծանր վիճակին՝ նրանք ոգևորությամբ ներգրավվեցին կազմակերպության նախաձեռնությանը, ինքնամոռաց տրվեցին ստեղծագործական աշխատանքին՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ ու կարողություններ, ստեղծելով բազմաթիվ աշխատանքներ, որոնցից կազմակերպվեց ձեռքի աշխատանքների խորհրդանշական ցուցահանդես՝ որպես իրենց ցուցաբերած աջակցության համար երախտիքի արտահայտման մի միջոց։

Պատերազմը ոչ միայն խլեց հազարավոր երիտասարդների կյանքեր, այլև պատուհասեց կյանքը զրոյից սկսելու փորձություն, բոլոր բնագավառներում հանդիպող ու մշտական ուղեկից դարձած անհաղթահարելի թվացող խնդիրներ ու դժվարություններ։ Դրանք միայնակ հաղթահարելն անհնար էր ամեն ինչ կորցրած, մթության մեջ լույսի ոչ մի նշույլ չնշմարող ընտանքիների համար։

Ծրագրի շահառու ընտանիքներից շատերը կորցրել էին ոչ միայն տարիների ընթացքում իրենց ստեղծածը, այլև ապրելու համար այնքան կարևոր հույսը ու նվիրական երազանքները։

Ընտանիքներում կային զոհված անդամներ, անհետ կորածներ, հաշմանդամ ու անգործունակ դարձած ընտանիքի հայրեր․ անորոշություն և դառը հիշողություններ, որոնց մասին խոսելիս մարդիկ հազիվ էին կարողանում կոկորդում խեղդել արցունքները։

Œuvre d’Orient կազմակերպության շնորհիվ արվեց հնարավորին ամեն ինչ, որպեսզի շահառու ընտանիքները կարողանային վերգտնել իրենց կյանքի իմաստը․․․Ահավասիկ՝ փոքրիկ Սուրենը վառ օրինակ է այն բանի, որ եթե մարդը միայնակ չէ, հաղթահարելի են բոլոր դժվարությունները։ Աննման Մինասյան

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր