211652_close_icon
views-count6464 դիտում article-date 16:30 02-06-2021

Ապրել՝ չապրածների փոխարեն, չապրածներին արժանի միջոցառում՝ նվիրված Արտաշավան գյուղի հերոսներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մեր օրերի հերոսներից են Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներ Արցախյան պատերազմի մասնակից, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից Քյարամ Սլոյանը,  պայմանագրային զինծառայող Խաչատրյան Դերենիկն,,ինչպես նաև վերջին 44 օրյա պատերազմի հերոսներ մայոր Հարություն Մանուչարյանը,ժամկետային զինծառայող Գոռ Մանուկյանը և կամավոր Մանուկ Մանուկյանը: Նրանց մասին կարելի է երկար խոսել: Խոսենք, գեղեցիկ ու ռազմահայրենասիրական միջոցառման մասին,որը տեղի ունեցավ նրանց ծննդավայրում:

Օրերս Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում տեղի ունեցավ ցերեկույթ նվիրված ապրիլյան քառօրյա հերոսներից  Քյարամ Սլոյանին,ինչպես նաև վերջին 44 օրյա պատերազմի նահատակներ մայոր Հարություն Մանուչարյանին, պայմանագրային զինծառայող Խաչատրյան Դերենիկին, ժամկետային զինծառայող Գոռ Մանուկյանին և կամավոր Մանուկ Մանուկյանին: Այդ օրվա միջոցառումն համընկավ Քյարամ Սլոյանի ծննդյան օրվա հետ: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ, զինվորականներ՝ մասնակցելու ու փառաբանելու մեր նորագույն պատմության ապրիլյան քառօրյայի ու 44 օրյա պատերազմների նահատակներին ու Քյարամ Սլոյանի ծննդյան 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Միջոցառումները սկսվեցին Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանի կողմից տերունական աղոթքով:Այս ռազմահայրենասիրական ու պահանջատիրական ցերեկույթը կրում էր Ապրել չապրածների փոխարեն,չապրածներին արժանի խրոխտ խորագիրը:

Միջոցառման ընթացքում գեղեցիկ ու հայրենասիրական երգերով, ինչպես նաև դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Անահիտ Պապոյանի բանաստեղծություններով ելույթ ունեցան գյուղի կրթօջախի աշակերտները:Այստեղ լեդ-էկրանով ցուցադրվեցին մեր օրերի հերոսների լուսանկարներն, որոնք մեզ տեղափոխեցին նրանց ծառայության վայրեր ու պատերազմական դաշտ,որտեղ նրանք նահատակվեցին հանուն հայրենիքի ու մեր ազատության:

Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ խոնարհվում ենք Արտաշավանի զոհված հերոսների առաջ խորագրով պատվոտախտակի բացման արարողությունը դպրոցում: Պատվո տախտակը նվիրված էր ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակներից Քյարամ Սլոյանի ու 44 օրյա հերոսներին՝ Դերենիկ Խաչատրյանին,մայոր Հարություն Մանուչարյանը,ժամկետային զինծառայող Գոռ Մանուկյանին ու կամավոր Մանուկ Մանուկյանին նվիրված ։

Այստեղ ելույթ ունեցան նաև Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանն, ով իր խոսքում նշեց,որ չնայած այն բանին մենք սգում ենք մեր նահատակների համար, սակայն պետք է ամուր լինենք ու շարունակենք ապրել ու շենացնենք մեր երկիրը՝հետագա վտանգից ու խնդիրներից պաշտպանելու նպատակով:

Իր ելույթում խաղաղապահ բրիգադից փոխգնդապետ Կարեն Թադևոսյանը նշեց,որ այսօր հիշարժան է բոլորիս համար,ես կարող եմ նշել այն,որ մենք Դերենիկի համածառայակիցներն ենք ու նրա դեմքից և անունից պետք է շարունակենք պայքարը և ծառայությունը՝ոգևորելով հետագա սերունդներին սեր դեպի հայրենիքն ու երկիրը: Մի ուղերձով եմ դիմում բոլորին, որ նա իր վարքով դրսևորեց դժվարությունները հաղթահարելու ամուր կամք ու և իր օրինակով նպաստեց մնացած զինծառայողներին դառնալ հայրենասեր ու օրինակելի զինծառայող:

Նա իր խոսքն ավարտեց մայոր Հարություն Մանուչարյանի մասին հիշողություններով՝նշելով,որ միասին ծառայել են Ջաբրայիլում,ի վերջո առանց տարբերության մենք բոլոր հերոսներին մեծարում ու մեր հարգանքի տուրքն ենք մատուցում:

Դպրոցի տնօրեն Ռուզաննա Մարտիրոսյանը նշեց,որ մեր սրտի խոսքերն ենք ուղղում բոլոր նահատակների ընտանիքներին,քանի որ պատերազմի օրերին բոլորի հետ հավասար պայքարել ու սպասել ենք նորությունների ռազմաճակատի ու տղաների մասին:Միջոցառման վերջում դպրոցի տնօրեն ու զինղեկ կապիտան Սամվել Աղայանը շնորհակալագրեր ու երախտագրեր հանձնեցին ապրիլյան քառօրյայի հերոս նահատակներից Քյարամ Սլոյանի ու 44 օրյա պատերազմի զոհվածներից Մանուկյան Մանուկի, Խաչատրյան Դերենիկի, Հարություն Մանուչարյանի,Գոռ Մանուկյանի ընտանիքի անդամներին, ինչպես նաև մասնակիցներից՝ Համլետ Մնացականյանին, Ավետիս Մաթևոսյանին,Լյուդվիգ Մկրտչյանին, Ղազար Կարապետյանին, Ռուստամ Ասլանյանին,Վարդան Սարգսյանին,Արթուր Հովհաննիսյանին,Էդգար Սարոյանին, Գոռ Մկրտչյանին, Արմեն Մանուկյանին,Հենրիկ Խաչատրյանին, Սուրեն Գևորգյանին,Վահե Գևորգյանին,Գոռ Մարգարյանին,Էդիկ Աղամալյանին,Հայկ Գրիգորյանին,Վահե Կարապետյանին, Սևակ Սարգսյանին,Գևորգ Գրիգորյանին, Գևորգ Մարգարյանին,Համիկ Սլոյանին, Աղաբեկ Ասլանյանին,Արթուր Հարությունյանին,Նորայր Սաֆարյանին,Արմեն Ռուստամյանին, Վահրամ Բեգլարյանին,Խաչիկ Խաչատրյանին, Գարիկ Սադոյանին,Գեղազնիկ Սիմոնյանին:

Վերջում ամփոփելով միջոցառումը Ռուզաննա Մարտիրոսյանը շնորհակալաթյուն հայտնեց բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներից՝ հույս հայտնելով, որ նմանատիպ ծրագրերը կլինեն շարունակելի՝ մեր օրերի հերոսներին փառաբանելու ու գալիք սերնդին հայրենասիրություն սերմանելու ուղղությամբ: 

Մի քանի խոսքով մեր հերոսների մասին:

Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին, Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում։2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հարձակվում են Արցախի Հանրապետության ուղղությամբ: Քյարամը հրամանատարի՝ Արմենակ Ուրֆանյանի և իր երկու զինակից ընկերների՝ Անդրանիկ Զոհրաբյանի և Ռոբերտ Աբաջյանի հետ կյանքի գնով պահպանել են Մարտակերտը:

Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը: Ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանը անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից՝ կրակը վերցնելով իր վրա, սակայն զինվորները՝ Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը, չենթարկվելով հրամանատարի հրամանին՝ շարունակել են պաշտապանական մարտը, պայքարել են մինչև վերջ և զոհվել իրենց հրամանատարի հետ:

2014 թվականին Քյարամ Սլոյանը առաջին զորակոչով ներկայացել է Աշտարակի զինկոմիսարիատ և անցել ծառայության Արցախի Հանրապետությունում:Քյարամը եղել է Ապրիլյան պատերազմի առաջին զոհերից մեկը։ Նրա զորացրվելուն մնացել էր երկու ամիս:Ադրբեջանցի բարբարոսները գլխատել էին 20-ամյա Քյարամ Սլոյանին:2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի պետական շքանշանով։ Ադրբեջանցի զինվորականները Սլոյանին գլխատելով` կտրված գլխով շրջել էին ադրբեջանական գյուղերում Հայաստանում հանրային բողոքի ֆոնին: Նա հետմահու պարգևատրվեց ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալով:Եվ որպես երախտիք հերոսին  ու նրա հիշատակը հավերժ պահելու նպատակով Հայաստանի Արագածոտնի մարզի հայրենի Արտաշավան գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվել է Սլոյանի անունով, իսկ 2019 թվականի ապրիլի 27-ին՝ նրա ծննդյան օրը, հերոսի ծննդավայրում՝Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում, Սլոյանների ընտանիքի անդամներն,ինչպես նաև <<Արմենակ Ուրֆանյան>> բարեգործական հիմնադրամի, ի դեմս՝նրա պատասխանատու Համեստ Ուրֆանյանի աջակցությամբ  բացվեցին նրա անունով հիշատակի հուշարձան ու թաղամաս, ինչպես նաև տեղի ունեցավ ծառատունկ իսկ Գրիշա Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ տեղի ունեցավ, ցերեկույթ <<Պատիվ ունեմ>> խորագրով,որտեղ աշակերտները կենդանի երգ-երաժշտությամբ ոգեկոչեցին մեր օրերի , հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին:: Եվ ահա այսօր նրա ծննդյան օրն է: Ցավոք նա կդառնար 25 տարեկան: Հասկանալի պատճառներով միջոցառումներ տեղի չունեցան:

Այնուամենայնիվ նա միշտ մեզ հետ է, հայ ժողովուրդը չի մոռանա իր արժանի ու ազգանվեր զավակին, ով չխնայելով կյանքը զոհվեց հանուն հայրենիքի: Նրա մասին իր հուշերով է կիսվել Արտաշավան դպրոցի տնօրեն Ռուզաննա Մարտիրոսյանը:

Արտաշավան գյուղի Գրիշա Ասատրյանի անվան դպրոցի զինղեկ կապիտան Սամվել Աղայանն այսպես է հիշում մեր օրերի հերոսներին.Դերենիկ Խաչատրյանը շատ ուրախ ու զվարթ,բոլորին ուրախություն պարգևող երիտասարդ էր: Նրան միշտ ասում էի, քանի որ դու ապագա զինվորական ես լինելու իմ առարկան՝ ռազմագիտությունը լավ պետք է սովորես: Նա ընդունեց իմ խորհուրդը, դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակեց ռազմական մասնագիտություն ստանալով:Գոռ Մանուկյանը լավ էր սովորում,ակտիվ էր դասերի ընթացքում,սիրում էր տեխնիկաները: Ես նրան միշտ ասում էի.Տղա՛, դու տանկիստ ես դառնալու,քանի որ տեխնիկա շատ ես սիրում: Տանը հիմնականում իմ առարկան չէր կարդում ու սովորում, պատմում էր իմ պատմածով: Ավարտելով իմ խոսքը մեր զինծառայողներին մաղթում եմ քաջ առողջություն, անամպ երկինք,բոլոր զինծառայողները թող իմանան,որ մենք ապրում ենք իրենց շնորհիվ ու նրանց հետ:Մենք անպարտելի ենք ու որ լավ օրերը սարերի հետևում չեն, մոտ են,շուտով կգան:     
Սիփան Սլոյանը՝ Քյարամի հորեղբորորդին՝ ով 13 տարեկան է, սովորում է գյուղի դպրոցում պատմեց,որ շատ փոքր է եղել,որ նա մեկնեց ծառայության: Նա իր խոսքում ասաց.Ես փոքր էի, որ նա զորակոչվեց բանակ: Շատ հայրենասեր,ընկերասեր,աշխասեր և համագյուղացիների կողմից սիրված էր:Կցանկանայի, որպեսզի նրա հիշատակը միշտ վառ մնա բոլորի սրտերում,քանի որ նա զոհվեց թե եզդի ու թե մեր բարեկամ հայ ժողովրդի փրկության ու խաղաղության համար:  
Կոչումով մայոր Հարություն Վանիկի Մանուչարյանը ծնվել է 1988 թվականի հունիսի 18-ին Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում:1995-2005թթ սովորել հայրենի գյուղի Գրիշա Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում: 2005-2009թթ ուսանել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:2009 թվականին նշանակվել ՊԲ N զորամասի հետախուզական վաշտի հետախուզական դասակի պաշտոնում: 2013 թվականին նշանակվել է նույն զորամասի հետախուզական վաշտի հրամանատար: 2014 թվականից նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի սպայական ջոկատում որպես 2-րդ հատուկ նշանակության խմբի հրամանատար: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սպայական հատուկ նշանակության ջոկատի կազմում մասնակցել է Թալիշի, Մատաղիսի, Հաթերքի,Ջաբրայիլի և Հադրութի համար մղվող մարտերին:
Արտաշավան գյուղի դպրոցի տնօրեն,Հարություն Մանուչարյանի մանկապարտեզի դաստիարակ Ռուզաննա Մարտիրոսյնն այսպես է հիշում իր սանին. Դեռ մանկապարտեզում Հարությունն աչքի է ընկել իր համեստությամբ,եղել է ուշիմ,մի քիչ էլ ինքնամփոփ աշակերտ: Նա չէր սիրում լինել ուշադրության կենտրոնում,բայց դրանով հանդերձ աչքի էր ընկնում իր խելացիությամբ:Շատ լռակյաց ու զուսպ էր: Ակնածանքով էր վերաբերվում թե մեծերին,թե փոքրերին:Դպրոցական տարիներից առանձնահատուկ սեր ուներ զինվորական գործին ու միշտ ասում էր,որ հենց մեծանա դառնալու է զինվորական:Նրան գրավում էր զինվորական համազգեստը և հայրենիքին ծառայելու անզուսպ ցանկությունը:Ընդունվեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Կարճ ժամանակ անց աչքի ընկավ իր գիտելիքներով՝նշանակվելով հետախուզական վաշտի, հետախուզական դասակի հրամանատար՝երևան հանելով զինվորական գործի հանդեպ իր մեծ նվիրումն ու հրամանատարական ձիրքը՝նշանակվում է սպայական ջոկատում որպես 2-րդ հատուկ նշանակության խմբի հրամանատար: 2017 թվականին մեկնելով Ռուսաստանի Դաշնություն անցել  կապի հատուկ դասընթացներ: 2016 թվականին Արցախի Հանրապետության Թալիշ գյուղում մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին: Գյուղացիները նրան ճանաչում էին իր գործի գիտակ, համեստ,բարի իր ծառայությանը նվիրյալ անձնավորություն:Ցավոք, 2020 թվականին հոկտեմբերի 10-ին Հադրութի մոտակայքում մղվող մարտերի ընթացքում մեր զոհվեց ականի պայթունից՝ հուղարկավորվելով Եռաբլուր զինվորական պանթեոնում:Վերջում հավելեմ,որ մարտական առաջադրանքները գերազանց կատարելու համար Հարությունն արժանացել է բազմաթիվ պարգևների ու շքանշանների:Սխրանքդ հավերժ է անմահ հերոս:
Ժամկետային զինծառայող Գոռ Կարենի Մանուկյանը ծնվել է 2001 թվականի մարտի 15-ին Արտաշավան գյուղում: Ընդունվել սովորել ու 2019  թվականին ավարտել է հայրենի գյուղի Գրիշա Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցը: 2019 թվականի հուլիսի 21-ին Աշտարակի ՏԶԿ-ից զորակոչվել Հայաստանի Հանրապետության զինված ուժեր: Զոհվել է հայրենիքի համար մղվող համառ մարտերում 2020 թվականի հոկտեմբերին:
Մանուկյան Գոռի դասղեկ ու հայոց լեզվի ուսուցչուհի Անահիտ Պապոյանն այսպես է խոսում իր աշակերտի մասին.Մանուկյան Գոռի մասին անցյալ ժամանակով պատմելը շատ դժվար է: Էությամբ պարզ, մաքուր, ազնիվ,անմիջական և պատրաստակամ տղա էր: Չափազանցություն թող չլինի իմ ասածը, նա դասարանի հոգին էր, տեղով գարուն և ջերմություն:Անհնար էր նրան ճանաչել ու անմիջապես չսիրել:Շատ խելացի էր, փայլում բոլոր առարկաներից, իսկ մաթեմատիկան նրա համար մի կում ջուր խմելու պես բան էր:Բոլոր քայլերը մտածված ու կշռադատված էին, չարաճճիություններն անգամ չափի մեջ էին: Շատ էր սիրում երաժշտությունը, նվագում էր, երգում: Հաճախել է պարի ու սպորտի: Իր մասնակությամբ զարդարում էր դպրոցական միջոցառումները: Մարդկանց անմնացորդ ու անշահախնդրորեն նվիրվում էր: Հայրենասիրության նկատմամբ ուներ իր անձնական բանաձևը՝սիրել ծննդավայրը, սրբացնել ընտանիքը, ընկերների հետ լինել շիտակ ու պատրաստակամ, լինելով պատվախնդիր ու սկզբունքային մարդ: Ոչ մի թիզ թշնամուն, ոչ մի քայլ ետ, մինչև վերջ ընկերների հետ,ուս ուսի սկզբունքով ծառայեց հայոց բանակում և անմահացավ բացառիկ անձնվիրությամբ: Նա հիմա ավելի լավ է ապրում քան ապրողները, որովհետև նրա հետ ու նրա մասին հուշերն այնքան արևոտ են, այնքան կենդանի,որ պայծառ ժպիտով, բարի ու ծիծաղկոտ աչքերով,ամոթխած այտերով և զրնգուն ձայնով ներկա է միշտ ու միշտ ներկա կմնա:    
Գոռ Մանուկյանի հորեղբորորդին՝Տիգրան Մանուկյանն,ինչպես նաև նրա ընկերներից Լյուդվիգ Մկրտչյան, Աղասի Գրիգորյանն այսպես են հիշում հերոսին.Գոռն աշխարհի ամենալավ մարդն էր, դեռ շատ երիտասարդ, բայց մարդ իր կոչումով ու արժանիքներով:  Մարդ, ում մասին միայն մտածելն անգամ բարությամբ ու ջերմությամբ է լցնում հոգին, մարդ, ում մասին անհնար է խոսել առանց ժպիտի: Գոռի դեմքը զարդարում էր մի անբացատրելի անմեղություն ու մաքրություն: Նրա չարաճճիությունները նույնքան անմեղ էին, որքան մաքրամաքուր աչքերը: Անսահման պարզ ու բարի տղա, ով գողացել էր մարդկանց սրտերը և դարձել բոլորի սիրելին: Գոռը շրջապատի ոգին էր, ամենավառն ու պայծառը: Նա ընկեր էր փորձությունների և ուրախությունների պահին: Նա սիրում էր բոլորին, սիրում էր կյանքը, լույսը և ինքն էլ մեր լույսն էր, մեր լուսավորը, որ միշտ հասնում էր նեղության ու տխրության պահին, ով միշտ գտնում էր սփոփանքի բառեր, ով ժպտում էր ու վարակում  ժպիտով:Ազնիվ ու հայրենասեր այս պատանին արիության ու տղամարդկության դասեր կարող էր տալ յուրաքանչյուրին: Զարմանալի է միայն, թե երբ հասցրեց այսքան մեծանալ,  կոփվել ու բյուրեղանալ: Պատերազմում ամեն մարդ գտավ իր հերոսին: Գոռը մեր հերոսն է, մեր սիրելին, մեր անգինը: Գոռի մասին կարող ենք խոսել շատ երկար, խոսել միայն սիրով, հույսով ու սպասումով: Բաժանումը դառնացրել ու դատարկել է մեր կյանքը, մեզ մնացել է անսահման կարոտ: Կարոտել ենք Քեզ:
Պայմանագրային զինծառայող Դերենիկ Խաչիկի Խաչատրյանը  ծնվել է 1996 թվականի օգոստոսի 14-ին Արտաշավան գյուղում: Սովորել հայրենի գյուղի Գրիշա Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում՝ավարտելով 2014 թվականին:2015 թվականին զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության: 2018 թվականին ծառայության անցել ՀՀ ՊՆ Խաղապահ բրիգադում: 2020 թվականի հունվարի 20-ից փետրվարի 7-ը ծառայությունն իրականացրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:2020 թվականի փետրվարի 20-ից սեպտեմբերի 20-ը ծառայության է եղել Ավղանստանի Իսլամական Հանրապետությունում: Վերադառնալուց 1 շաբաթ անց խաղապահ բրիգադի անձնակազմի հետ ծառայության է եղել Քարվաճառում: Քաջաբար զոհվեց սեպտեմբերի 30-ին հանուն հայրենիքի Քարվաճառում:  
Դերենիկ Խաչատրյանի մայրը՝Խաչատրյան Սուսաննան որդուն բնութագրում ու հիշում է որպես աշխույժ, խելացի, համարձակ, աշխատասեր,ընկերասեր,գյուղին ու ընտանիքին նվիրված երիտասարդի:Ապրիլյան քառօրյա նահատակներից Քյարամ Սլոյանի հետ մանկության ընկերներ էին, երբ Քյարամը զորակոչվում է բանակ,նրանք միևնույն վայրում են ծառայում,սակայն տարբեր ստորաբաժանումներում:Ապրիլյան քառօրյայից հետո սանձազերծված այս պատերազմում մասնակցել են նաև Դերենիկի հայրն ու եղբայրը՝լինելով Քարվաճառում:Այդ ժամանակ Դերենիկը քանի որ ծառայում էր Խաղաղապահ բրիգադում գտնվում էր արտերկիր՝հերթական առաքելությունն իրականացնելու նպատակով:Այդտեղից վերադառնալուց հետո,իմանալով,որ Արցախում պատերազմ է սկսվել,կամավոր մեկնում է ռազմաճակատ: Մեր օրերի այն զինծառայողներն,ովքեր կենդանի են մաղթում եմ անամպ երկինք, քաջ առողջություն և բարի վերադարձ իրենց ընտանիքների մոտ:
Դերենիկ Խաչատրյանի ծառայակից ու մարտական ընկերներից փոխգնդապետ Կարեն Թադևոսյանն այսպես է բնութագրում նրան. Դերենիկն ոչ միայն մեր համածառայակից ընկերն էր,այլ նաև որպես մարդ յուրահատուկ ու յուրովի անձնավորություն էր: Նա իր դրական հատկանիշներով ու անձնական օրինակով մնացած զինծառայողներին պարտադրում էր սիրել ու հարգել հայրենիքը, անձնվիրաբար նվիրվել ծառայությանը:Նրա հետ զոհվեց նաև նրա վաշտի հրամանատարը: Նրա  համածառայակից ընկերներից սերժանտ պայմանագրային Սամվել Գաբրիելյանը, ով  եղել է նույն դիրքում պատմում է. Դերենիկին երբեք տխուր չէինք հանդիպի,ինքը լուսավոր ու պայծառ անձնավորություն էր:
Դերենիկ Խաչատրյանի հայոց լեզվի ուսուցչուհի Մարինե Սայադյանն այսպես է հիշում նրան. Դերենիկին հիշելիս առաջին հերթին նրա վարակիչ ու լուսավոր ժպիտն է աչքի առաջ գալիս:Այնքան դրական ու պայծառ ,այնքան ջերմ ու բարի,անխտիր բոլորին օգնելու անշահախնդիր պատրաստակամությամբ այս երիտասարդը լի էր կյանքով ու ավյունով,օժտված էր մեծ ուժով ու անսպառ հայրենասիրությամբ:

Դերենիկը դեռ դպրոցական տարիներից աչքի է ընկել իր ընկերասիրությամբ,մեծերի և ուսուցիչների նկատմամբ առանձնակի ակնածանք էր տածում,բոլորին օգնում ցանկացած հարցում: Ապրիլյան քառօրյա նահատկ հերոսներից Քյարամ Սլոյանի դպրոցական ընկերն էր,իսկ հետագայում դարձավ նաև համածառայակիցը: Ուժով և հմտությամբ,բարությամբ ու հայրենասիրությամբ մեկը մյուսին չզիջող մեր քաջերն են: Զինվորական գործի հանդեպ մեծ ակնածանք և սեր ուներ Դերենիկն,ինչն էլ նրան տարավ Գերմանիա, Աֆղանստան՝շարունակելու և ավելի հմտանալու զինվորական ծառայության մեջ՝ծառայելով Խաղապահ բրիգադում:Աֆղանստանից վերադարձավ սեպտեմբերի 20-ին և մեկ շաբաթ անց պատերազմի չարաբաստիկ լուրը ստանալուն պես խաղապահ բրիգադի հետ մեկնեց ռազմաճակատ: Նա անձնվիրաբար ծառայեց հայրենիքին մինչև իր արյան վերջին կաթիլը:

Դերենիկ Խաչատրյանի եղբայրը` Հենրիկ Խաչատրյանը, պատմում է Հիշում եմ մի դրվագ, երբ դեռ փոքր էինք, ձմռանը գնացել էինք սահնակով սահելու։Հիշում եմ, որ ձեռքերս սառել էին, նա հոգատարությամբ բռնեց ու փչեց, որպեսզի տաքանա:Մի օր էլ ամռանը առվակի վրայով ցատկելիս ես ընկա ջուրը։Առուն խորը չէր,բայց եղբայրս անմիջապես մտավ ջուրն ու ինձ օգնեց, որ դուրս գամ:Ինձ այնքան պաշտպանված ու ապահով զգացի այդ պահին։

Կամավոր Մանուկ Մանուկյանը ծնվել է 1970 թ. Արտաշավան համայնքում՝ Սլավիկ և Քնար Մանուկյանների ընտանիքում: Նա ընտանիքի երրորդ զավակն էր: 1977 թվականին ընդունվել է տեղի 8-ամյա դպրոցի առաջին դասարան: 1985 թվականին ուսումը շարունակել է Արագածոտնի մարզի Աշտարակի շրջանի Օհանավան գյուղում ու ավարտել 1987 թվականին: Նույն թվականին ընդունվել է Աշտարակի թիվ 1 արհեստագործական ուսումնարան: 1988 թվականին զորակոչվել Խորհրդային բանակ: 2020 թվականին կամավոր մեկնել է հայրենիքի սահմանների պահպանության: Քաջաբար Նա ընկավ թշնամու արկի պայթյունից զոհվել Բերձորում նոյեմբերի 6-ի երեկոյան: Ամուսնացած էր, ուներ 3 երեխա:Ընկավ լուռ ու անձայն, բայց պատվով՝ ինչպես անցկացրել էր իր ողջ կյանքը: Կյանքը տալով հայրենիքին, հավերժ մնաց մեր սրտերում։

Մանուկ Մանուկյանի եղբայրը՝Մնացական Մանուկյանը պատմում է.Մանկությունից աչքի էր ընկնում համեստությամբ ու աշխատասիրությամբ: Նա կյանքն անցկացրել է համայնքի ներսում: Հիմնականում զբաղվել է շինարարությամբ և միշտ հարգված ու գնահատված է եղել գործատուների կողմից: Ամեն գործ անում էր մեծ նվիրումով, միշտ պատրաստ էր օգնել ընկերներին: Մանուկը բարի, ընկերասեր, միշտ լուռ ու քչախոս մարդ էր, սակայն սիրում էր կատակել ընկերների հետ:Հեռախոսազրույցների ընթացքում չէր խոսում ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին, հարազատներին հանգստացնում էր ու պատմում միայն հաջողություններից:Պատերազմի ընթացքում միշտ օգնել է տղաներին, քաջալերել ու բարձրացրել մարտական ոգին: Որպես ավագ ընկեր հոգ է տարել տղաների մասին, հորդորել է լինել զգույշ, մտածել հաղթելու և ողջ-առողջ տուն վերադառնալու մասին: Տղաները լսեցին նրա խորհուրդները ու տուն վերադարձան, բայց ավաղ առանց Մանուկի:

Մանուկյան Մանուկի կինը՝ Թագուհի Երանոսյանը պատմում է.Մանուկի ու իմ ընտանիքի միջև կան բարեկամական կապեր:Մանուկի մորաքրոջ աղջիկն իմ մորեղբոր կինն է:

Այսպես 1998 թվականի նոյեմբերին մենք ամուսնացանք՝ստեղծելով մեր ընտանիքը: Շատ լավ մարդ էր, լավ հայր ու ամուսին: Ունենք երեք երեխա՝երկու աղջիկ ու տղա: Լավ շինարար էր,գյուղում սրա մասին բոլորը կհավաստեն: Ատում էր սուտն ու կեղծիքը,շատ պարզ ու հասարակ մարդ,իր պարզության մեջ նաև մի քիչ էլ բարդ: Շատ աշխատասեր ու հավատարիմ ընկեր,որտեղ աշխատել է,բոլորը հայտնել են իրենց գոհունակությունը:Մենք 22  տարի ամուսնացած էինք,բայց երբեք չեմ լսել,որ աշխտանքից մի բառ ասի, շատ զուսպ ու հավասարակշռված յուրաքանչյուր արարքում: Ես սովորել էի արդեն գիտեի նրան ու նրա յուրաքանչյուր քայլը: Գիտեի,որ ռազմաճակատ է մեկնելու:Հայրենի գյուղը շատ էր սիրում,որտեղ էլ որ գնայինք,միշտ ասում էր մեր գյուղն ուրիշ է:Հայրենիքը անսահման սիրում էր,հպարտանում մեր բանակով,զինվորների ունեցած հաջողություններով,իսկ շատ էր տխրում վատ լուրերից:
Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ հերոսների դպրոցական ու ընտանեկան արխիվներից և Սիրարփի Կարապետյանի  և Արտաշավանի դպրոցի ֆեյսբուկյան էջի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր