211652_close_icon
views-count1512 դիտում article-date 15:13 01-06-2021

Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ ուժերով կնպաստեն տարածաշրջանի բնապահպանական խնդիրների լուծմանը

Նևյան միջազգային բնապահպանական 9-րդ համաժողովի (Невский международный экологический конгресс) շրջանակում՝ Սանկտ Պետերբուրգ աշխատանքային այցի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը երկկողմ աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարար Ալեքսանդր Կոզլովի հետ։

Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսի խորհրդական Վ․ Սարգսյանը, նախարարի պաշտոնակատարի օգնական Ա․ Պապյանը, Ռոսհիդրոմետի ղեկավար Ի․ Շումակովը, Ռոսլեսխոզի ղեկավար Ի․ Սովետնիկովը, ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարարության Միջազգային համագործակցության և կլիմայի փոփոխության վարչության պետ Ի. Կուշչը և ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարարի օգնական Նուրիդին Ինամովը։

Ողջունելով ռուս գործընկերներին՝ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության համար և կօգնի լուծել բնապահպանության ոլորտի կոնկրետ խնդիրներ՝ նպաստելով բնական պաշարների խնայողաբար օգտագործմանը և դրական անդրադառնալով ընդհանուր տարածաշրջանի բնապահպանական խնդիրների լուծման վրա։

Հայաստանի Հանրապետությունում բնապահպանության ոլորտի կառավարման քաղաքականությունն ուղղված է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պաշտպանությանը, բարելավմանը, վերականգնմանը և դրանց ռացիոնալ օգտագործմանը ՝ սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության հավասարակշռման սկզբունքի պահպանությամբ։

Կողմերը բարձր են գնահատել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարարության միջև համագործակցությունը և այդ համատեքստում քննարկել երկկողմ նոր ծրագրին առնչվող հարցեր:

Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնիկական և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրի համար․ ռուսական կողմի աջակցությամբ արդիականացվել է եղանակային կայանների 40%-ը։ Հայաստանի կառավարությունը հույս ունի շարունակել արդյունավետ համագործակցությունը՝ աջակցություն ակնկալելով Ռուսաստանի Դաշնությունից ծրագրի երկրորդ փուլի իրականացման գործում:

Անդրադարձ է կատարվել նաև անտառկառավարման ոլորտին։ Նախարարի պաշտոնակատարն իր ռուս գործընկերներին է ներկայացրել «10 մլն ծառ» նախաձեռնությունը և դրա շրջանակում Հայաստանի անտառածածկ տարածքներն ընդլայնելու հավակնոտ ծրագրերը։ Նախաձեռնության շրջանակում համապատասխան գրություն է ուղարկվել նաև ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարարություն՝ ակնկալելով աջակցություն տնկիների տրամադրման հարցում։

Շրջակա միջավայրի նախարարությունն աշխատում է ռուսական կողմի հետ կնքվելիք հուշագրի նախագծի վրա։ Օգտվելով հնարավորությունից՝ երկու կողմերի փոխգործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի աշխուժացման համատեքստում նախարարի պաշտոնակատարն իր ռուս գործընկերոջը հրավիրել է Հայաստան, որի ժամանակ էլ կկնքվի փոխադարձ հուշագիրը։

Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ հուշագրով սահմանված համագործակցային կետերից մեկի՝ դժվար վերամշակվող թափոնների շրջանառությունից դուրսբերման ծրագրերի շրջանակում Հայաստանում մեկնարկել է միանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակների և տարաների օգտագործման փուլային արգելքի գործընթաց։

Ռոմանոս Պետրոսյանը և Ալեքսանդր Կոզլովը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ առկա է չօգտագործված մեծ ներուժ, և պետք է գործնական քայլեր ձեռնարկել այն իրացնելու ուղղությամբ:

Հանդիպման ավարտին նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարարին ի հիշատակ և որպես երախտիք նվիրել է «Կովկասյան ընձառյուծի» արծաթե հուշադրամ և Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի օրինակ։

Նմանատիպ նյութեր