211652_close_icon
views-count1588 դիտում article-date 14:18 31-05-2021

ԱՀ Ազգային ժողովի նախագահն այցելել է Ուլուբաբ գյուղի տարածքում գտնվող 13-րդ դարում կառուցված Սբ. Գևորգ եկեղեցին

2020թ. արյունոտ աշնան պատերազմից հետո մշակութային ցեղասպանության են ենթակվել Արցախի եկեղեցիները: Թշնամու վերահսկողության տակ են անցել Հադրութի և Շուշիի և Ասկերանի շրջանների որոշ գյուղերի հնադարյան եկեղեցիներ և պատմամշակութային կոթողներ:

   Թեկուզ կորցրել ենք Արցախի մեծ մասը, բայց մեր հայրենիքի փրկված հատվածում ունենք եկեղեցիներ ու պատմամշակութային կոթողներ, որոնք անարդարացիորեն ստվերում են մնացել: Այդ կոթողների շարքում է Ասկերանի շրջանի Ուլուբաբ գյուղի տարածքում գտնվող 13-րդ դարում կառուցված Սբ. Գևորգ եկեղեցին, որին բնակչությունը տվել է «Պտկես բերդ» անվանումը:

     Մոտ 10 տարի առաջ վերականգնողական որոշակի աշխատանքներ են կատարվել, որոնք, սակայն, անավարտ են մնացել:

    Այն տեղն ու դերը, որ ժամանակին ուներ Սբ. Գևորգ եկեղեցին Արցախի պատմամշակութային կյանքում, բացառիկ էր հատկապես այն առումով, որ դարեր ի վեր անվտանգության ազդանշանային հաղորդակցման կենտրոն էր՝ կապված բոլոր վանքերի հետ:

    Եկեղեցին, ի տարբերություն գործող եկեղեցիների, երկար ժամանակ է՝ ուխտավոր չունի: Ելնելով այն իրողությունից, որ նվազել են մեր հավատավորների ուխտատեղիները և հատկապես հանրամատչելի ուխտատեղի ունենալու նպատակով ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը նախաձեռնել է այցելություն Սբ. Գևորգ եկեղեցի՝ ուսումնասիրելու եկեղեցու և նրա հարակից տարածքի՝ դեպի եկեղեցի տանող ճանապարհի անցանելիության վիճակը:

    Այցի ընթացքում պարզվել է, որ եկեղեցին պատված է ծառերի խիտ շերտով և այն իր նախնական ճարտարապետական տեսքին բերելու անհրաժեշտություն կա: Բացի դրանից Ռև գյուղից մինչև եկեղեցի տանող լեռնային ճանապարհն (7 կմ) ունի վերանորոգման խիստ կարիք:

    ԱԺ նախագահ Ա. Թովմասյանը, նախաձեռնելով վերոնշյալ ծրագիրը, անհրաժեշտ է համարում նախևառաջ եկեղեցու տարածքն ազատել ավելորդ ծառերից, որոնց արմատները մեծ վնաս են հասցնում շինությանը և ստվերի տակ պահում եկեղեցին՝ խաթարելով նրա տեսանելիությունն ու ազդանշանային հաղորդակցության համակարգի պատմական համբավը: Այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը կարևորել է նաև Ռև գյուղի վերաբնակեցումը բռնի տեղահանված մեր հայրենակիցներով:

     ԱԺ նախագահին ուղեկցում էր աշխարհազորային հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Արամ Ավագյանը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր