211652_close_icon
views-count59810 դիտում article-date 14:29 30-05-2021

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 38–ամյա վարորդը Ford Mondeo-ով բախվել է գազատար խողովակի երկաթե հենասյանը. կա 1 զոհ, 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ,  38-ամյա Արթուր Ապրեսյանը իր վարած Ford Mondeo մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Զովաբեր ավտոճանապարհի  1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Զովաբեր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթյա հենասյանը և մասամբ հայտնվել ձորակում:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ապրեսյանը, ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 82-ամյա Մանիկ Ապրեսյանը, 32-ամյա Աստղիկ Սարգսյանը, 5-ամյա Դավիթ Ապրեսյանը և 7-ամյա Րաֆի Ապրեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:

Բախման հետևանքով գազատար խողովակի երկաթյա հենասյունը տապալվել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝  գումարտակի   հրամանատար  Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար  Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար   Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

 Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ  Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)  հատկանիշներով, քանի որ վթարից հետո, երբ ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրիավորներից Մ. Սպրեսյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Ա. Մինասյանի որոշմամբ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:

 Վարորդը, մահացածն ու վիրավորները՝  ընտանիքի անդամներ են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր