211652_close_icon
views-count2585 դիտում article-date 12:36 30-05-2021

«Հայդուկ» ջոկատը բաց նամակով դիմում է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին

«Հայդուկ» կամավորականների ջոկատն իր բաց նամակով դիմում է միջազգային հանրությանն ու հատկապես իրավապաշտպան կազմակերպություններին:

 Ցավով պետք է ընգծենք, որ Հայաստանում այսօր դեմոկրատիա չկա, իշխանությունները զբաղված են ներքաղաքական գզվրտոցով ու չեն տիրապետում իրավիճակին և այսօր առավել քան երբևէ Հայաստանի բնակչության հայացքը դեպի միջազգային հանրությունն է, որից ակնկալում ենք մարդկայնություն:

 Արդեն 6 ամսից ավելի է, որ խորը մտահոգված ենք Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին պատերազմական ագրեսիայի ընթացքում գերեվարված հայդուկ ջոկատի անդամ  Լյուդվիկ Մկրտչյանի, ինչպես նաև մեկ այլ վետերանի՝ Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդումը չդադարեցնելու և ռազմագերիներին Երևան չվերադարձնելու փաստով: 

 Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դեմքով, Ադրբեջանը կարծես վրեժխնդիր է ուզում լինել 1990-ականներին  նրանց պարտության մատնած Հայաստանի վետերաններից:

 Պաշտոնական Ադրբեջանը նրանց դարձնում է մասսայական ծաղրուծանակի, ստորացման անմարդկային շոուի առարկա:

Հարկ ենք համարում ընդգծել, որ սա նաև 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած Ադրբեջանի պարտավորությունների խախտում է, որն Ադրբեջանը շարունակում է անարգել, քանզի Ադրբեջանն առ այսօր պատասխանատվության չի ենթարկել 2020-ին սանձազերծած պատերազմի ընթացքում կատարած ոչ մի ռազմական հանցագործության համար:

Խստորեն դատապարտում ենք Եվրոպայի և ԱՄՆ-ի խոսուն լռությունն ու անտարբերությունը, որը երկարացնում է Ադրբեջանի ձեռքերը, դառնում նորանոր խոշտանգումների և դաժան սպանությունների պատճառ: Բայց և ակնկալում ենք քաղաքակիրթ աշխարհի մարդկայնությունն ու դրանից բխող համապատասխան գործուն արձագանքը:
 
«Հայդուկ» հայրենասիրական բարեգործական
 կազմակերպության  նախագահ Կարեն Բաբայան

 
 

Նմանատիպ նյութեր