211652_close_icon
views-count44887 դիտում article-date 19:58 29-05-2021

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Nissan Murano-ն և Mercedes GL-350-ը. 4 վիրավորներից մեկը «Ֆիլիպ Մորիսի» աշխատակից է, մեկն էլ՝ ոստիկանության կապիտան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
 
Ժամը 16:50-ի սահմաններում, Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի՝ Վեդի քաղաքի սկզբնամասում, ճակատ-ճակատի բախվել են Այգավան գյուղի բնակիչ, 45-ամյա Արտակ Ղուկասյանի վարած Mercedes GL-350 մակնիշի E 659 TH 123 RUS համարանիշի և Սևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Մարիամ Հովսեփյանի վարած Nissan Murano մակնիշի 55 SM 544 համարանիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ, Վեդի քաղաքի բնակիչ, 21-ամյա Էրիկ Պետրոսյանը, Այգավան գյուղի բնակիչ, 32-ամյա Արտյոմ Խաչատրյանը և Nissan-ի վարորդ Մ. Հովսեփյանն ու նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Գուրգեն Ասատրյանը, մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վեդիի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Վեդու բժշկական կենտրոն, որտեղից էլ շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևոչգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Սարգսյանի գլխավորությամբ:
 
Ըստ նախնական տեղեկություններից, վթարի մեղավորը եղել է դեռևս անհայտ վարորդի կողմից ԳԱԶ-32212 մակնիշի մարդատար «Գազելով» Mercedes-ի ու Nissan-ի վարորդների համար վթարային իրավիճակ ստեղծելը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
 
Հետաքննիչի հանձնարարականով 3 ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդներից Մ. Հովսեփյանը աշխատում է «Ֆիլիպ Մորիս» ՍՊԸ-ում, իսկ վիրավորներից Ա. Խաչատրյանը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ գծային բաժնում, կոչումով կապիտան է:
 
Վթարի վայրում երկու երիտասարդ Mercedes-ի վրայից հանեցին համարանիշները, սակայն ոստիկանների հորդորով նորից խելոք համարները տեղադրեցին ավտոմեքենայի վրա:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 158+
158+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր