211652_close_icon
views-count1168 դիտում article-date 11:29 28-05-2021

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սարդարապատի հերոսամարտի տարեդարձի առիթով

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սարդարապատ հերոսամարտի տարեդարձի առիթով, որը ներկայացնում ենք ստորև.

«Մայիսի 28-ը Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտում մեր ժողովրդի կերտած հաղթանակի օրն է։ Հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել հարյուրամյակներ առաջ կորցրած անկախ պետականությունը։

Սարդարապատի հերոսամարտը հայոց պատմության ամենափառավոր և հիշարժան դրվագներից է:

103 տարի առաջ այդ օրը հայ ժողովուրդը կարողացավ համախմբվել և պարտության մատնել թվաքանակով և սպառազինությամբ զգալիորեն գերազանցող թուրքական կանոնավոր բանակին, որի նպատակը հայերի վերջնական բնաջնջումն էր։ Այդ հաղթանակը ոչ միայն ռազմաքաղաքական էր, այլ նաև` բարոյական։ Այն դարձավ տարիներ շարունակ ցեղասպանության ենթարկված, հայրենիքի գերակշիռ մասը կորցրած, ոչնչացման եզրին կանգնած մեր ժողովրդի անկոտրում կամքի, անսասան հավատքի և անսպառ հայրենասիրության խորհրդանիշը:

Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում մեծ  դերակատարություն է ունեցել նաև արցախահայությունը։ Արցախցի նշանավոր ռազմական գործիչների հրամանատարությամբ ռազմաճակատ մեկնած զորախմբերը հերոսական մասնակցություն են ունեցել մարտերին։ Հայրենիքի համար այդ ծանրագույն ռազմաքաղաքական իրավիճակում Արցախի ներկայացուցիչները Հայաստանի առաջին Հանրապետության բարձրագույն քաղաքական ղեկավարության կազմում ակտիվորեն մասնակցել են նաև պետականաշինության գործընթացներին։

Արդեն մեկ դարից ավել է, ինչ Սարդարապատի հաղթանակը ոգևորում է համայն հայությանը, իսկ այսօր նրա խորհուրդն ավելի յուրահատուկ կարևորություն և նշանակություն ունի մեր ազգի համար:

Փառք մեր հերոսներին, փառք հայոց  պետականությանը և մեր հայրենիքին»:

Նմանատիպ նյութեր