211652_close_icon
views-count4789 դիտում article-date 10:29 28-05-2021

Տեսնես՝ ճի՞շտ է․ լրացավ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գևորգյան Գեղամի պաշտանավարման 2 տարին․ Կարեն Հեքիմյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը հրապարակել է Կարեն Հեքիմյանի հոդվածը․

«Մայիսի 30-ին լրանում է ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գևորգյան Գեղամի պաշտոնավարման 2 տարին: Այս ընթացքում վերջինիս գործունեության վերաբերյալ շատ եմ գրել: Անդրադարձել եմ Գևորգյան Գեղամի ոչ իրավաչափ, անտրամաբանական և, մեծ հաշվով, հակահամալսարանական գործունեությանը: Այդ իմաստով, հրապարակել եմ մի քանի տասնյակ հոդվածներ: Դրանցում բերված և ոչ մի պնդում, նկատառում կամ դիտարկում Գևորգյան Գեղամի կողմից հրապարակավ չի հերքվել: Հոդվածներում աշխատել եմ փաստեր ներկայացնել հանրամատչելի աղբյուրներից: Կարծես թե գրելու բան չի մնացել: Սակայն դա առաջին հայացքից է այդպես: Գևորգյան Գեղամի պաշտոնավարման տարիների վերաբերյալ կարելի է անվերջ գրել:

Այս հոդվածի ձևաչափն այլ է: Այստեղ առկա տեղեկությունները հանրամատչելի աղբյուրներից չեն: Այս տեղեկություններն ինձ են փոխանցվել համալսարանի լավատեղյակ աղբյուրների կողմից: Տեղեկությունների գերակշիռ մասը կարող է արժանանալ իրավապահ մարմինների ուշադրությանը: Եվ քանի դեռ այս տեղեկությունների հիմքով որևէ վարույթ չի իրականացվում, ապա դրանք առայժմ փաստի կարգավիճակ չունեն: Այդ իսկ պատճառով, տեղեկությունները հանրությանը և իրավապահ համակարգին կհայտնեմ հարցերի տեսքով: Եվ այսպես՝

Տեսնես ճի՞շտ է, որ Գևորգյան Գեղամի պաշտոնավարման օրոք, առանց ԵՊՀ գիտխորհրդում քննարկելու, շինարարություն է սկսվել ԵՊՀ Բյուրականի բազայում, սակայն կեսից ընդհատվել է, քանզի պարզվել է, որ գնման մրցույթը իրավաչափ չէր:

Տեսնես ճի՞շտ է, որ Գևորգյան Գեղամի պաշտոնավարման օրոք, կորոնավիրուսային համաճարակի պայմաններում, ԵՊՀ-ում ոչ միայն չի պահպանվել «էկոնոմ» ռեժիմը, այլև բուհն անցել է «բիզնես» ռեժիմի: Մասնավորապես, համալսարանի բազմաթիվ շենքերի դատարկ լինելու պայմաններում, այդ շենքերը առաջվա նման պահպանվում էին անվտանգության աշխատակիցների և մաքրվում էին մաքրուհիների կողմից: Դատարկ շենքերի անվտանգության պահպանման և մաքրության համար մեծ գումարներ էին ծախսվում:

Տեսնես ճի՞շտ է, որ Գևորգյան Գեղամի պաշտոնավարման օրոք ԵՊՀ-ն իրավական իմաստով կասկածելի ծագումնաբանության կահույքի պատրաստման համար գնման մրցույթ է հայտարարվել, իսկ գնված կահույքը մինչ այսօր գտնվում է ԵՊՀ նկուղներում:

Տեսնես ճի՞շտ է, որ Գևորգյան Գեղամի պաշտոնավարման օրոք, ԵՊՀ 100-ամյակի առիթով Հայաստան եկած հյուրերը տեղաշարժվում էին բացառապես Գևորգյան Գեղամի հետ նույնականացվող «Հյուր սերվիս» ՓԲԸ-ի ավտոբուսներով:

Տեսնես ճի՞շտ է, որ Գևորգյան Գեղամի պաշտոնավարման օրոք ԵՊՀ-ում առանց հաստիքացուցակում ընդգրկվելու աշխատակիցներ կան, որոնք աշխատավարձ և հավելավճար են ստանում:

Տեսնես ճի՞շտ է, որ Գևորգյան Գեղամի պաշտոնավարման օրոք ԵՊՀ-ում ստեղծված ֆինանսական վերլուծությունների վարչությունում առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման երկու հաստիք է առկա:

Տեսնես ճի՞շտ է, որ Գևորգյան Գեղամի պաշտոնավարման օրոք ԵՊՀ-ում առանց իրավակարգավորումները պահպանելու ավտոմեքենաներ են դուրս գրում:

Տեսնես ճի՞շտ է, որ Գևորգյան Գեղամի պաշտոնավարման օրոք ԵՊՀ-ի մասնաշենքերից՝ Սև շենքի ավտոկայանատեղիում բարձրահարկ շենքի կառուցման թույլտվություն է տրվել, իսկ ԵՊՀ-ի մարզադահլիճի անմիջական հարևանությամբ արդեն իսկ բարձրահարկ շենք է կառուցվում:

Տեսնես ճի՞շտ է, որ Գևորգյան Գեղամի պաշտոնավարման օրոք բենզին են դուրս գրում առանց ստուգելու ավտոմեքենաների վազքի ցուցիչը:

Տեսնես ճի՞շտ է, որ Գևորգյան Գեղամի պաշտոնավարման օրոք, 2 տարվա ընթացքում ԵՊՀ-ում անցկացվել է ընդամենը 4 գնման մրցույթ: Ըստ հանրամատչելի տվյալների, նախկինում անցկացվում էր տարեկան շուրջ 100 գնման մրցույթ:

Տեսնես ճի՞շտ է, որ Գևորգյան Գեղամի պաշտոնավարման օրոք ԵՊՀ-ի Ծաղկաձորի, Բյուրականի, Հանքավանի, Դիլիջանի ուսումնաարտադրական բազաներում, ԵՊՀ-ի Կիևյան փողոցում գտնվող չգործող մասնաշենքում և ԵՊՀ-ի հյուրանոցում առկա է գրանցված և իրական աշխատողների թվային անհամապատասխանություն: Մասնավորապես, ճի՞շտ է, որ ֆիզիկապես գոյություն չունեցող Հանքավանի և Դիլիջանի բազաներում և Կիևյան փողոցի մասնաշենքում գրանցված 4-ական աշխատակիցներ կան:

Տեսնես ճի՞շտ է, որ Գևորգյան Գեղամի պաշտոնավարման օրոք, Գևորգյան Գեղամն աշխատանքի ոտքով է գալիս, սակայն դրա դիմաց դուրս է գրվում բենզին:

Ինչպես սկզբում ասացի պնդումներն ապացուցման կարիք ունեն: Այդ իսկ պատճառով դրանք հանրայնացնում եմ: Առիթն էլ Գևորգյան Գեղամի պաշտոնավարման 2 տարին է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր