211652_close_icon
views-count1371 դիտում article-date 10:51 28-05-2021

Վիճակը քարոզչությամբ չես փոխի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջին օրերին Ադրբեջանի լկտի ոտնձգությունները Հայաստանի տարածքի եւ այդ տարածքում ծառայող հայ զինվորների նկատմամբ շարունակվում էին՝ ընդհուպ մինչեւ սպանություն: Իշխանության եւ առաջին հերթին՝ վարչապետի պաշտոնակատարի արձագանքն այդ իրադարձություններին երկակի է՝ մի կողմից դրանում մեղավոր են Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը, մյուս կողմից՝ Ադրբեջանի շահերը սպասարկող «մեզ հայտնի շրջանակները»: Հիրավի, պետք է անհայտ սինթետիկ նյութից պատրաստված երեսի մաշկ ունենալ՝ նման արդարացումներ բերելու համար:

Այո, Ռուսաստանի հետ 1997 թվականի, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի փաստաթղթերը չեն գործում: Բայց օգնում են այն մարդուն, կազմակերպությանը, պետությանը, որն իրենից ինչ-որ բան է ներկայացնում, որն ի վիճակի է ինչ-որ, թեկուզ տարրական մակարդակով իրականացնել սեփական ինքնապաշտպանությունը: Եթե հակառակորդը կարողանում է մտնել քո տարածք եւ առեւանգել քո զինվորներին, այստեղ որեւէ մեկին կշտամբելը պարզապես ցինիզմ է: Պայմանագրային պարտավորությունները կատարում են ՊԵՏՈՒԹՅԱՆ հանդեպ. եթե պետության չկա, ապա դժվար է ակնկալել որեւէ վերաբերմունք գործընկերների կողմից:

Իսկ երբ ասվում է, որ իշխանության ընդդիմախոսներն են «բզում», որ Ադրբեջանը սադրանքներ իրականացնի մեր սահմաններից ներս, դրա հասցեատերը, հավանաբար, մութ քարանձավներում ապրող զանգվածն է, որի գիտելիքներն ու ընկալումները ձեւավորվում են ինչ-որ մի անհասկանալի թմրանյութի ազդեցության տակ: Բացառված չէ, որ այդ զանգվածը Հայաստանում մեծամասնություն է կազմում: Այդ դեպքում հեռու չէ այն ժամանակը, երբ ադրբեջանցի զինծառայողներն առանց կրակոցի, պարզապես զբոսնելով կգան Երեւան եւ կառեւանգեն, ասենք, կառավարության անդամներին:

Այո, ընդդիմությունն օգտագործում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված խայտառակ վիճակը՝ իշխանության դեմ քարոզելու համար: Իշխանությունն էլ, առանձնապես հաշվի չնստելով տրամաբանության հետ, իր անճարակությունը բացատրում է իր շատ «սիրած»՝ նախկինների դավերով: Դա անխուսափելի է այս՝ նախընտրական վիճակում: Բայց նրանից, թե ով ինչ է ասում, բուն վիճակը չի փոխվում: Իսկ որ այս վիճակի համար իշխանությունը, վարչապետը չեն ցանկանում որեւէ պատասխանատվություն կրել, դա ինձ՝ որպես քաղաքացու, մեղմ ասած, դուր չի գալիս:

Իհարկե, կարելի է նախընտրական ասպարեզ լցնել երկու տասնյակից ավելի կուսակցություններ, կարելի է տեղեկատվական աղմուկ ստեղծել երկրորդական թեմաներից, կարելի է նույնիսկ վերարտադրվել: Միեւնույն է, հնարավոր չի լինի, քանդած պետության պայմաններում, վայելել իշխանությունը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր