211652_close_icon
views-count1389 դիտում article-date 15:17 25-05-2021

Արցախի հուշարձանների պատմությունն ու անձնագրային տվյալները մեկ հարթակում. շահագործվում է monumentwatch.org կայքը

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի մշակութային հուշարձանների մշտադիտարկման նպատակով արվեստաբան Աննա Լեյլոյան-Եկմալյանը և պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանն իրենց շուրջ են համախմբել մի խումբ բարձրակարգ մասնագետների և ստեղծել monumentwatch.org կայքը:

Այն ակադեմիական հարթակ է, որում գիտական հոդվածների,  քարտեզների, լուսանկարների և այլ նյութերի միջոցով հնարավոր է ծանոթանալ հայկական հուշարձանների պատմությանը, անձնագրային տվյալներին և այլ կարևոր հրապարակումների:

«Արմենպրես»-ի թղթակիցը կայքի ստեղծման գաղափարի, բովանդակության, մասնագետների կատարած լայնածավալ աշխատանքի մասին զրուցել է  նախաձեռնության համահեղինակ Աննա Լեյլոյան-Եկմալյանի հետ, որի խոսքով՝ հիմա են հանրությանը հայտնում նախագծի մասին, քանի որ կայքն արդեն շահագործվում է: 

Նա պատմում է, որ աշխատանքներն սկսվել են 2020 թվականի վերջում: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, մտահոգված հայկական մշակութային հուշարձանների ճակատագրով, Աննա Լեյլոյան-Եկմալյանը բաց նամակով դիմել է Ֆրանսիայի ԱԳ նախարարին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին՝ ահազանգելով, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հուշարձանները վտանգված են:

«Մարդկային կորստից, գերիների խնդրից հետո կարևոր է մշակութային կորստի հարցը: Երկու նամակներն էլ պատասխան ստացան: Պատրաստակամ էին օգնել մեզ, բայց որևէ մեկը որևէ տեղեկություն չուներ: Կարող ես օգնել, երբ կա դրա հնարավորությունը, սակայն Ադրբեջանի իշխանություններն այսօր խափանում են ցանկացած  առիթ: Իմ հիմնական նպատակն էր նախ ահազանգել, որ սարսափելի վիճակում ենք հայտնվելու: Մինչ օրս տեսնում ենք, որ որևէ բան անել հնարավոր չէ, ու հասկացանք, որ պետք չէ հույսը դնել ուրիշների օգնության վրա: Բնականաբար պետք է դիմել, բնականաբար դրա կարիքը կա, սակայն չէի կարող ձեռքերս ծալած նստել ու սպասել, թե երբ են մեզ աջակցելու»,-նշում է նա:

Խնդիրը քննարկել են և՛ փորձառու, և՛ երիտասարդ մասնագետների հետ: Լեյլոյան-Եկմալյանի խոքով՝ Համլետ Պետրոսյանը շատ մեծ մասնակցություն ունի ծրագրին: Երկուսով են հիմնադրել կայքը,  բայց Աննա Լեյլոյան-Եկմալյանն ապրում է Փարիզում և հեռախոսազրույցների, օնլայն քննարկումների միջոցով է մասնակցում աշխատանքին,  իսկ Համլետ Պետրոսյանը համակարգում է ամբողջ գործընթացը:

Հավաքվել է լավագույն մասնագետների մի խումբ, որում ընդգրկված են թե՛ երիտասարդ, թե՛ հասուն և շատ փորձառու գիտնականներ, նվիրյալներ, որոնք ուզում են ինչ-որ բան անել, եթե անգամ այդ աշխատանքը մի կաթիլ ջուր է օվկիանոսում:

Մասնագետներն այլևս հնարավորություն չունեն ֆիզիկապես հետևելու հուշարձանների վիճակին, այդ իսկ պատճառով մշտադիտարկում են իրականացնելու տարբեր հարթակներում, հետևելու են, թե ադրբեջանցիներն ինչ հրապարակումներ են անում: «Մեր դիտարկումը նախ և առաջ այդ ուղղությունն ունի, որովհետև անհրաժեշտ է ամեն օր փաստացի վավերագրել, թե ինչ վիճակում են մեր հուշարձանները: Ակնհայտ է, որ դրանք կա՛մ քանդվելու են, կա՛մ վերափոխվելու են: Հայկական հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի պետական քաղաքականության մասն է: Նրանք նաև փորձում են յուրացնել այդ ժառանգությունը»,-շեշտում է արվեստաբանը: 

Ըստ Լեյլոյան-Եկմալյանի՝ մենք սարսափելի գործընթացի առաջ ենք կանգնած, և եթե ոչինչ չարվի, վաղը չենք կարողանա ապացուցել, որ հայկական հուշարձանները մերն են: 

Լեյլոյան-Եկմալյանի հավաստիացմամբ՝ monumentwatch.org-ը անկախ համալսարանական հարթակ է: «Մենք բոլորս գիտնականներ ենք, որոնցից ոչ մեկը չի քաղաքականացնում այդ աշխատանքը: 15 գիտնական ստեղծում է տվյալների հավաքածու, որը կարող է օգտագործել ցանկացած անձ: Մասնագետները ցուցակագրել են այն հուշարձանները, որոնք Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Արցախի տարածքում 4000-ից ավելի հուշարձան կա, իսկ 1700-ից ավելի հուշարձան այսօր ուղղակիորեն վտանգված է: Մենք այլևս ժամանակ չունենք սպասելու»,-ահազանգում է նա:

Մասնագետներն առանձնացրել են մի քանի հուշարձան, կայքում ներկայացրել դրանց  անձնագրային տվյալները, հուշարձանի դիրքը, ֆիզիկական բոլոր տվյալները, նկարագրությունը, պատմությունը և այլն, նշել են գիտական բոլոր աղբյուրները, որտեղ այս կամ այն հուշարձանի մասին առաջին անգամ հիշատակվել է:

Գիտնականներն աշխատանքային հատուկ մեթոդ են մշակել. կայքում զետեղված բոլոր հոդվածները պետք է միանման լինեն, պատասխանեն նույն հարցերին, որպեսզի դա լինի շատ ակադեմիական հստակ գիտական աշխատանք:

Աննա Լեյլոյան-Եկմալյանը կարծում է՝ կայքը հսկայական գործի առաջին քարն է, որի վրա պետք է կառուցվի ամբողջ աշխատանքը, քանի որ 1700 հուշարձան կա: Գիտակցում են, որ մի քանի ասմում կամ մի տարում չեն կարող բոլոր հուշարձանների տվյալները ներկայացնել, հետևաբար կայքը գործարկելուց հետո 140  հուշարձան են ընտրել, որոնց վրա աշխատում են:

«Մասնագետների թվում են նաև Լյուբա Կիրակոսյանը, երիտասարդներից Սասուն Դանիելյանը,  մարդիկ, որոնք երկար տարիներ աշխատել են Արցախում, շատ լավ են ճանաչում յուրաքանչյուր հուշարձան»,-ասում է նա:

Նախաձեռնության համահեղինակը տեղեկացնում է, որ  ի սկզբանե նախատեսել են՝  monumentwatch.org-ը պետք է լինի երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, սակայն կայքը մի քանի օր է, որ շահագործվում է և դեռ կան հոդվածներ, որոնց միայն հայերեն տարբերակներն են դեռ հասանելի, սակայն մասնագետ թարգմանիչներն աշխատում են և ամեն օր լրացնում են բացերը: «Հույս ունեմ, որ կայքը կդառնա լուրջ ակադեմիական հարթակ, որի միջոցով հետագայում նաև այլ կարևոր ծրագրեր կիրագործվեն»,-եզրափակեց Աննա Լեյլոյան-Եկմալյանը:

Նմանատիպ նյութեր